Դուք ձեզ կապիտուլյացված համարո՞ւմ եք. տհաճ անակնկալ Մոսկվային ու նրա գործիք Բաքվին

Իշխող մեծամասնության պատգամավորները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կապակցությամբ հորդորում են չօգտագործել կապիտուլյացիա բառը, պատճառաբանելով, որ դա հրադադարի մասին հայտարարություն է: Իր հերթին, խորհրդարան անցած ընդդիմության քաղաքական աղքատիկ բառապաշարի ու գործունեության հիմքը կապիտուլյացիա եզրն է:

Արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր: Դասական բնորոշումներով՝ այո, ընդ որում հնարավոր է՝ ավելի լայն պայմաններով, քան գրված է այդ հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, համեմատությունները դասական դեպքերի, օրինակ երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի ու Ճապոնիայի հետ, որոշակի առումներով անտեղի են: Խնդիրն այն է, որ Գերմանիայի ու Ճապոնիայի պարագային կապտուլյացիայի ակտերը միջազգայնորեն լեգիտիմ էին:

Ինչ է այս տեսակետից նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ինչի արդյունքում է այն ստորագրվել: Ի տարբերություն Գերմանիայի ու Ճապոնիայի, պատերազմը Հայաստանը չի սկսել: Հայաստանը ենթարկվել է ռուս-թուրքական ագրեսիային՝ նախապես պլանավորված ու հայկական կողմի երաշխավորված պարտությամբ: ՌԴ եւ Թուրքիայի առաջին դեմքերը հրապարակային հայտարարել են համատեղ գործելու մասին, փորձելով դուրս թողնել Արցախի հարցում միջազգային միակ մանդատ ունեցող լեգիտիմ ձեւաչափը՝ Մինսկի խումբը:

Այստեղ պետք է նշել, որ հայկական քաղաքական ուժերի բառապաշարում լայնորեն կիրառվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիա» եւ «Հայաստանն է հրահրել պատերազմը» թեզերը ենթադրում են հենց կապիտուլյացիա: Այս մասին արժե մտածել:

Հաջորդ հանգամանքն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակասում է միջազգային իրավունքին եւ ստորագրվել է ագրեսիայի եւ ուժի սպառնալիքի պայմաններում: Միջազգային լեգիտիմ կառույցները, ինչպես նաեւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն ընդունում որպես կարգավորում: Ռուսաստանը փորձում է այն լեգիտիմացնել Մինսկի խմբի շրջանակում, փորձելով ներգրավել նաեւ միջազգային այլ կառույցների, սակայն այս ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:

Այլ հանգամանքներ նույնպես կարելի է նշել: Դրանք հնարավորություննե՞ր են հայկական կողմի համար: Անկասկած: Իսկ ինչո՞վ է զբաղված հայկական կողմ կոչվածը: Հասկանալի է, որ խորհրդարան անցած իշխող ու չիշխող խմբերը զբաղված են պարզ դեմագոգիայով, քանի որ բոլորն էլ հավատարմություն են հայտնել ռուս-թուրքական ծրագրերին: Օրինակ, այդ խմբերն արդեն մեկ շաբաթ խոսում են Արցախի մասին, բայց ոչ ոք չառաջարկեց խորհրդարանում քննարկել Արցախի ճանաչման կամ վերամիավորման հարցը, կամ քննարկել եռակողմ փաթեթը մերժելու հարցը:

Փոխարենը, մոսկովյան քվոտայով կազմավորված խորհրդարանը, գիտակցված թե ոչ՝ էական չէ, խնդիր ունի լեգիտիմացնել ռուս-թուրքական ծրագրերը եւ հանրությանը համակերպել կապիտուլյացիայի հետ, ինչն արդեն արվում է նոյեմբերի 9-ից ի վեր՝ լայն քարոզչությամբ: Կապիտուլյացիան միայն թղթերը չեն, այլեւ հանրային տրամադրությունները:

Իսկ միջազգային հանրության ժամանակն անսպառ չէ: Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արդեն նկատվում են այլ երանգներ, քան նախկինում: Այդ հայտարարությամբ հայկական քաղաքական ուժերին, հանրությանը, ինչպես դատարանում մեղադրյալին, հարց է տրված՝ դուք ձեզ կապիտուլյացված համարո՞ւմ եք:

Խորհրդարան անցած ուժերը ուղիղ եւ հավասար պատասխանատվություն են կրում: Նրանք դեռ հնարավորություն ունեն ոչ ասել ռուս-թուրքական ծրագրերին, տհաճ անակնկալ մատուցելով թշնամական տանդեմին: Հազարավոր նահատակների պայքարն այդ հնարավորությունը պահելու համար էր: 8-րդ գումարման «մահապարտների» գործը չափվելու է այս չափով, նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ է սպասվում իրենց: