Լուկաշենկոն միացավ Թուրքիային

Եվրամիությունը հույս ունի, որ Լիտվայում միգրացիայի հետ կապված իրավիճակը կկայունանա այն բանից հետո, երբ Իրաքը կասեցնի Բաղդադ -Մինսկ ավիաչվերթները, երեքշաբթի ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, գրում է Ամերիկայի ձայնը:

«Մենք ուրախ ենք տեսնել իրաքցի գործընկերների չափազանց կառուցողական մոտեցումը և նրանց կառուցողական արձագանքը», – ասել է նա լրագրողների հետ զրույցում: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրաքը տեղյակ է ԵՄ-ի համար այս հարցի կարևորության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանն ու Լիտվան Եվրամիության ղեկավարությանը կոչ էին արել օգնել նրանց Բելառուսի սահմանով իրենց տարածք մուտք գործող անօրինական ներգաղթյալների հոսքի հետ կապված հարցում:

Լիտվայի Սեյմը երեքշաբթի արտահերթ նիստ է գումարել՝ անօրինական ներգաղթի խնդիրը քննարկելու համար:

Անցյալ հինգշաբթի օրը Լեհաստանը հայց է ներկայացրել Բելառուսի դեմ՝ Լեհաստանի սահմանը հատող անօրինական ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով` ի պատասխան բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային ապաստան տրամադրելու Վարշավայի որոշմանը, որը հրաժարվեց տուն վերադառնալ Տոկիոյի օլիմպիական խաղերից:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Լատվիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Մարիա Գոլուբևան կառավարությանն առաջարկել է արտակարգ իրավիճակ մտցնել բելառուսա-լատվիական սահմանին` Եվրամիության սահմաններն անօրինական ներգաղթյալներից պաշտպանելու համար, գրում է Ամերիկայի ձայնը:

Ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Լիտվայի ու Լեհաստանի դեմ կիրառում է Թուրքիայի հայտնի միջոցը՝ Եվրամիություն Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքի ուղղումը։ Այդ երկրներին Լուկաշենկոն մեղադրում է Բելառուսում հեղափոխությանն աջակցելու մեջ։ Լուկաշենկոյին այս հարցում հրապարակային աջակցում է Ռուսաստանը, ինչպես Թուրքիայի դեպքում։ Նշենք նաեւ, որ Լուկաշենկոն պարգեւատրվել է «Ադրբեջանի բարեկամ» Բաքվի շքանշանով։