Ինչու պարտվեց ընդդիմությունը. անակնկալն այլ տեղում էր, որը խնամքով թաքցվում է

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունից հետո շատերը, այդ թվում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքների ներկայացուցիչները, անկեղծ հայտարարել են, որ ընտրության արդյունքն անակնկալ էր՝ ինչպե՞ս կարող էր պարտված քաղաքական ուժին ժողովուրդը ձայն տալ, այն էլ «սահմանադրական մեծամասնություն» ապահովելով:

Եվ իսկապես՝ պարտված երկրում ընդդիմությունն առնվազն 70 տոկոս ձայն պետք է ունենար, նկատի առնելով իշխանությունների ավանդական տխրահռչակ վարչական ռեսուրսը, սակայն ուժերի հարաբերակցությունը գրեթե հակառակն է: Բերվում են պատճառաբանություններ՝ վարչական ռեսուրսի կիրառում, ճնշումներ, բանակի քվեարկություն եւ այլն: Քոչարյանն ասում է, թե դեր է խաղացել նաեւ նախկին նախագահների մասնակցության հանգամանքը (դրանով բացատրելով մեկ այլ նախկինի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժելը): Սակայն այս իրողություններն ամբողջությամբ չեն բացատրում իրավիճակը:

Կա մի կարեւոր հանգամանք, կամ մի իրավիճակ, որը դուրս է ներքաղաքական առօրյայից եւ որը կամ չի գիտակցվում, կամ խնամքով թաքցվում է, գուցե երկուսն էլ միասին, ինչը վկայում է, որ հայկական քաղաքական դասը ընտրողին վերաբերում է քամահրանքով, նրա վարքը բացատրելով մակերեսին գտնվող պատճառներով: Դրա վկայությունն են հետընտրական այս օրերին ընդդիմության ռուսական հատվածի եւ նրան հարող շրջանակների վիրավորական արտահայտությունները ժողովրդի հասցեին:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության ռուսական հատվածի վարքն ու ակնհայտորեն մոսկովյան ծագում ունեցող քարոզչությունը երկու խնդիր էր լուծում՝ արդարացնել Ռուսաստանի գործողությունները եւ հանրության մեջ տարածել հուսալքության, կապիտուլյացիոն տրամադրություններ: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, ընդամենը նշենք, որ հանրությունը մեծ մասով անհաղորդ մնաց այդ ուժերի ակցիաներին ու քարոզչությանը՝ այդպիսով տալով իր գնահատականը:

Ավելին, այդ հակասական, անհեթեթ դրույթներով քարոզչությունը հակառակ էֆեկտ ունեցավ՝ զգալիորեն «հանեց» նեգատիվը իշխող խմբակի վրայից, Ռուսաստանը արդարացվելու փոխարեն բացահայտվեց լիովին, իսկ փրկչության առասպելը ցրվեց: Նոյեմբերի 9-ից մինչեւ քվեարկության օրն այդ համոզմունքն ավելի ամրացավ ու արձանագրվեց արդյունքներով. կամա թե ակամա ստացվեց հետեւյալ պատկերը՝ Ռուսաստանին կողմ քվեարկեց մոտավորապես 30 տոկոսը:

Արդյոք ընդդիմության ռուսանպաստ հատվածում չէին տեսնում այս միտումները, հատկապես Ռուսաստանի կողմից իր երկու բացահայտ «սլիվներից» հետո: Դատելով Քոչարյանի ու հատկապես Սերժ Սարգսյանի նախընտրական մի շարք հայտարարություններից, այս հանգամանքը գիտակցվում էր, սակայն բանը բանից արդեն անցել էր:

Իր հերթին, պետք է հասկանալ, որ իշխող ուժին տրված ձայները մեծ մասով այնքան էլ իրենց ձայները չեն՝ դա լայն իմաստով հինը՝ այդ թվում, որքան էլ տարօրինակ հնչի՝ իշխող ուժին, հետխորհրդային իրականությունը եւ ռուս-թուրքական «ծիրում» գոյատեւումը մերժելու հանրային դեռ լիովին չձեւակերպված տրամադրությունն է, եւ այդ հանգամանքը պարզ է դառնալու առաջիկայում:

Ինչ հետեւություններ են անելու խորհրդարան անցած ուժերը: Դատելով իշխող ուժի եւ ընդդիմության հետընտրական արձագանքներից՝ հետեւություններ առայժմ չկան, ավելին, կարծես թե չկա նոր իրավիճակի ռիսկերի ու հնարավորությունների գիտակցումը: Իշխող ուժը, որին թվում է, թե իրեն հանրային վստահության «պողպատե» մանդատ է տրվել, շարունակում է «անկման կառավարումը»: Ընդդիմությունը, որը կանգնած է մանդատ վերցնել-չվերցնելու դիլեմայի առաջ եւ երկու դեպքում էլ տուժելու է, շարունակում է նույն անհամարժեք ու պրիմիտիվ քարոզչությունը:

Ենթադրվում է, որ նոր խորհրդարանում այս ուժերը մրցելու են, թե ով է ավելի ռուսանպաստ: Այդ դեպքում բոլորն էլ անէանալու են, հատկապես իշխող ուժը: Պետք է հասկանալ, ավելի ճիշտ՝ ելնել այն դրույթից, որ Հայ ժողովուրդը քվեարկել է ոչ թե դեմ կամ կողմ այդ ուժերին, այլ՝ ինքնիշխանության համար: Հազարավոր մեր նահատակները ընկել են ինքնիշխանության համար պայքարում: Ընտրությունը չափազանց պարզ է՝ որ կողմում են խորհրդարան անցած ուժերը: