Պուտինը խոսել է Փաշինյանի հետ. կարգավիճակ, թե Ալիև

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Դրա ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրությունը բարեհաջող անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: Երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունը խորացնելու հարցեր և պայմանավորվել անձնական շփումները շարունակելու վերաբերյալ: Միաժամանակ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, իսկ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի իրավիճակի լիցքաթափմանն ու կայունությանն ուղղված ջանքի գործադրումը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից առաջ Պուտինը հունիսի 23-ին խոսել էր Բաքվի ղեկավար Ալիևի հետ, որը զանգահարել էր Կրեմլ: Այդ խոսակցության առնչությամբ տարածված տեղեկատվության մեջ նշվում էր, որ դարձյալ քննարկվել է «եռակողմ» պայմանավորվածությունների իրականացումը, դրա իրագործումը արագացնելու հարցը: Կասկած չկա, որ Ալիևը դարձյալ բարձրաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, թերևս դրանով պայմանավորելով մնացյալ հարցերի առաջընթացը: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսի հարց իր կառավարությունը չի քննարկել և չի քննարկելու: Հաղթելով ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը բնականաբար ավելի ամուր է կանգնելու այդ դիրքում: Մյուս կողմից, այստեղ առաջանում է այլ հարց: Արդյո՞ք «միջանցքի» հանգամանքը Ալիևի համար ոչ թե նպատակ է, կամ գուցե ոչ այնքան նպատակ, որքան միջոց՝ իր համար ավելի կարևոր այսպես ասած խաղաղության պայմանագրի հասնելու համար, որպեսզի դրանով նաև փակի Արցախի կարգավիճակի հարցը, ինչը հույժ կարևոր է Ալիևի համար:

Բանն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը ըստ էության ուղիղ կապված է Ալիևի իշխանության հետ: Այդպիսով, Ալիևը կամ կհեռանա, կամ կփակի Արցախի կարգավիճակի հարցը: Իհարկե սա կարող է ունենալ ժամանակային տարբեր կտրվածքներ, այսինքն խնդիրը հենց վաղը կամ առաջիկա շաբաթներին լուծվելիք կամ եղած «դիլեմայի» մասին չէ, սակայն անկասկած է, որ հարցը ունի այդ դիրքը՝ կամ Ալիևին կհաջողվի փակել Արցախի կարգավիճակի հարցը, կամ նա ստիպված կլինի հեռանալ: Կա գուցե երրորդ տարբերակ էլ, երբ Ալիևը կարգավիճակի դիմաց ստանում է հենց իր ուզած «միջանցքը», բայց այդ դեպքում ստիպված կլինի հեռանալ Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպս այն դիրքորոշման պարագայում, որ բարձրաձայնել է՝ բացառելով որևէ այդպիսի քննարկում:

Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել, փորձելով հնարավորինս երկար ժամանակի համար հարթել անկյունները և հարցերի ըստ էության կամ-կամ տրամաբանությունը: Ակնառու է, որ Մոսկվայի համար դա չափազանց բարդ, գրեթե անլուծելի խնդիր է, եթե նա այն փորձում է կարգավորել Թուրքիայի հետ, այլ ոչ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտնի առաջարկը ըստ էության առաջարկ էր առաջին հերթին Ռուսաստանին, իհարկե մեր շահից բխող, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով սուր անկյուններ քշված Ռուսաստանը խիստ մարտահրավեր է առաջին հերթին Հայաստանի համար: