Սպասեք անկանխատեսելի, շատ լուրջ, վտանգավոր քայլերի, ես դրա հոտը զգում եմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք գնահատում անցկացված ընտրությունները, ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ պատկեր ստացվեց։ Արդյո՞ք ձևավորված խորհրդարանը արտացոլում է հանրության իրական տրամադրությունները։

-Ընտրություններն ավարտվեցին։ Ահա մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության արդյունքը։ Պետք է արձանագրել, որ այս ընտրություններին չկիրառվեցին ընտրական այնպիսի խայտառակ մոտեցումներ, քայլեր, ինչպես նախորդ ռեժիմի տարիներին։ Մեր տեղամասերում, որտեղ որ մենք դիտարկել ենք, շատ հանգիստ է անցել, և կեղծիքներ ընդհանրապես չեն արձանագրվել։ Ընտրողները մեր կուսակցությանը չտվեցին այնքան ձայներ, որ մենք հայտնվեինք Ազգային ժողովում, բայց դրանից մենք մազաչափ անգամ չենք չարացել։ Եթե ընտրողը մեզ ձայն չի տվել, մենք պետք է հետևություն անենք, թե որտեղ էր մեր սխալը։ Մենք հետևություններ կանենք, բայց ինձ զարմացնում է այն, թե այս բանդիտական ռեժիմը ինչպես տասնյակ հազարավոր ձայներ հավաքեց։ Քոչարյանասերժական ռեժիմը քսան տարի մեր ժողովրդին կերակրել էր խեղված արժեքներով, հաղթանակի ու ձեռքբերումների տարիները ներկայացվել են որպես ցուրտ ու մութ տարիներ, որի ժամանակ իբր Տեր-Պետրոսյանը հոսանքը հողանցել է ժողովրդին չտալու համար։

Հաշիշի նման դոզավորված նրանք վարժեցրել են կեղծիքին, քանի որ նրանց հագեցրել է միայն կեղծիքը, ստեղծվել են կեղծ հերոսներ, նենգամտորեն կեղծվել են անգամ պատմության դասագրքերը, պղծվել է մինչև անգամ Կոմիտասի անվան պանթեոնը․ Կոմիտասի շիրիմի հենց կողքին բոլորից բարձր ինչ-որ մեկի հսկա գրանիտե արձանն են տեղադրել ցույց տալու համար, որ հանճարների հանճարը կամ նվիրյալներից  նվիրյալը հենց այդ արձանի տերն է, որ կա։ Հայաստանը Քոչարյանի համար գրավյալ տարածք է եղել կամ պերճ արոտավայր, որտեղ նրանք արածել ու արածել են և այդպես էլ չեն կշտացել։ 2018-ին վերջապես հայ ժողովուրդը նրանց ասպարեզից դուրս շպրտեց և հարսանիք արեց։ Ավաղ, նրանք նորից հետ եկան, որովհետև նրանցից հետո եկածները առաջ շարժվեցին հենց նախկինների գծած օրենքներով և չտվեցին նախկին 20 մղձավանջային տարիների ոչ քաղաքական, ոչ իրավական գնահատականները։ Եվ այժմ հիմա երկար ու ձիգ աշխատանք է պետք նրանց ասպարեզից դուրս շպրտելու համար, որպեսզի ժողովուրդը կատարելապես հասկանա, որ կեղծ ու փչացած արժեքների վրա հաշվարկ կառուցելով երկիրը ապագա չունի։ Եվ այսօր ,երբ վտանգված է մեր երկրի ապագան ժողովրդի միակ և վերջին խաղաթուղթը մնում է վերադաստիրարակվելը։ Մեր ժողովրդին պետք է կոփել, որովհետև, իմ կարծիքով, հենց ժողովրդի չկրթված հատվածն է ձայն տվել ռևանշիստներին։

Այո, հաղթել է Քաղաքացիական պայմանագիրը, բայց խոսք կա, երբ ասում են նվաճելն ավելի հեշտ է, քան պահելը։ Մի քիչ էլ ապրենք և շուտով պարզ կդառնա, թե նոր իշխանությունները ի զորու են երկիրը առաջընթացի ու զարգացման ճանապարհով տանել, թե ոչ, ի զորու են մեր ժողովրդի անվտանգությունն ապահովել, թե ոչ, ի զորու են  իրատեսական, որակական և բովանդակային քաղաքականություն իրականացնել, թե ոչ։ Եթե պարզվի, որ ի զորու են, մենք միայն կողջունենք։ Որպեսզի Հայաստանում մարդը համարվի բարձրագույն արժեք, հարկավոր է որպեսզի բոլոր ներքին թշնամիներին, բոլոր ծանր հանցանքների մեջ թաղվածներին պետք է անարգանքի սյունին գամել և հաշիվ պահանջել։ Հատկապես պետք է հաշիվ պահանջել բոլոր ապօրինի հարստացածներից։ Ճիշտն ասած ես մի քիչ կասկածում եմ, որ այս իշխանությունները դա կարող են անել։ Բայց եթե կարողանան օրինակ՝ Սերժի փեսային, տասնյակ միլիարդներ տիրապետող Քոչարյանին, մնացած ապօրինի հարստացածներին պատժել, կասենք լավ է։ Քոչարյանը հենց այդ միլիարդներն էր շաղ տալիս ընտրությունների օրերին։

Արդյո՞ք հենց այդ միլիարդների շնորհիվ նա չստացավ այդքան ձայն։

– Այո, իհարկե։ Երկիրը նրանց համար եղել է ուղղակի թալանի օբյեկտ։ Հենց այդ թալանով էլ ինքը ոչ գիտակից ընտրողներին վճարել է և ստացել է այդքան ձայն և հայտարարում է , որ ստեղծել են ճաք և այդ  ճաքը կխորացնեն, եթե Նիկոլին չհաջողվի այդ մեծ-մեծ խոսողներից հաշիվ պահանջել իրենց թալանածի վերաբերյալ։ Եթե Փաշինյանին չհաջողվի ուժային կառույցները ճիշտ ձևավորել, ինչ օյիններ ասես սրանք կխաղան։ Իսկ եթե ճիշտ օրենքը գործադրվի , սրանք կդառնան կատուներ ու կմտնեն իրենց բները։ Սա է մեր վիճակը։

Հիմա Դուք վստահություն ունե՞ք, որ իշխանությունը կկարողանա գործադրել իրեն տված պողպաատե մանդատը։

-Վստահություն չունեմ, ասեմ ինչու․ սրանք չեն կարողանում և ի զորու չեն համակարգ ձևավորել, առաջընթացի և զարգացման կուռ հմակարգ, պողպատյա համակարգ։ Թույլ, վախվորած, կիսատ-պռատ քայլեր են անում։ Մինչդեռ պետք է ամբողջ դատական համակարգը ծայրից ծայր փոխել։ Սրանք սաբոտաժի են ենթարկել արդարադատությունը։ Եթե հանկարծ դասեր չքաղեցին անցյալի խայտառակ սխալներից ու ճիշտ ուղու վրա չդնեն երկիրը, առաջինը մեր անվտանգության խնդիրը չլուծեն, ապա կկործանվենք, իսկ եթե անեն դա, ես միայն կուրախանամ ու կողջունեմ։

Պարոն Մալխասյան, հիմա Փաշինյանը քաղաքական խորհրդակցութուններ է անցկացնում  ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ձեր կարծիքով այդ ուժերը պետք է մասնակցություն ունենեն նոր կառավարությանը։

-Եթե հանգամանորեն պարզեն, որ այդ անձը ազնիվ է, չունի վարկաբեկված անցյալ, արհեսատավարժ է, տիրապետում է իր մասնագիտությանը և կարող է լիարժեք դեր խաղալ երկրի կայացման գործում, ապա իհարկե պետք է հաշվի չառնել նրա կուսակցական պատկանելիությունը։ Բայց եթե անձը անփորձ է, ապա նրան պետք է ոլորտներ չվստահվեն։ Պետք է պայմաններ դրվեն այդ անձանց առաջ։ Միայն այդ ժամանակ արդյունք կլինի։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում են ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում։ Արդյո՞ք ընտրությունների արդյունքները վիճարկելու լուրջ հիմքեր կան, թե իրենց հույսը ՍԴ-ի յուրային դատավորներն են։

-Նրա ամբողջ քայլերը կառուցված են փողի վրա։ Նրան թվում է ամբողջ երկրով մեկ մարդիկ ապրանք են ու գին ունեն ու ինքը կարող է բոլորին գնել։ Նրա համար դատավորն իր գինն ունի, ընտրողը՝ իր գինը, չկաշառվողներ չկան իր համար։ Դատավորին կտա 4-5 միլիոն դոլար, կկաշառի ու կստանա իր ցանկալի վճիռը։ Քոչարյանը անսահմանափակ փող ունի, նա փողը կհանի ասպարեզ ու կստանա իրեն ցանկալի վճիռը։ Այո, նա ՍԴ-ում յուրային դատավորներ ունի, մնացածին էլ կարող է փողով առնել։ ՍԴ դատավորների մեծ մասին կարելի է փողով առնել, ուղակի գինը կարող է մի քիչ բարձր լինել։ Իսկ փչացած, կոռումպացված դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել։

Քոչարյանը հետընտրական սուր զարգացումների չգնաց, փողոցային պայքար չսկսեց։ Դուք ամեն դեպքում ինչոր վտանգներ տեսնո՞ւմ եք։

-Այո, դա իր ձեռագիրն է՝ հագնել ազգայնականի դիմակ և նենգամտորեն անցնել հակառակորդի թիկունքը և դաշույնով հարվածել թիկունքին։ Միամիտները մինչև գլխի ընկնեն Քոչարյանի քայլերը, արդեն ամեն ինչ կկորցնեն։ Ես արդեն լսել եմ, որ իրենք աշխատանքներ են տանում Նիկոլի թիմից մի քանի պատգամավորների գնելու ուղղությամբ, որպեսզի թիմը քայքայեն։ Իրենք պատգամավորին կարող են 3 միլիոն դոլար տալ ու պատգամավորը դուրս գա խմբակցությունից ու դառնա անկախ պատգամավոր, իսկ Նիկոլի խմբակցութունը այլևս մեծամասնություն չունենա։ Նրանք նենգ ու դավադիր պլաններ կարող են կազմել և դա կհաջողվի, եթե այս իշխանությունը շարունակի մնալ թույլ և վախվորած, անճար։ Իսկ եթե տեսնեն, որ այս իշխանությոնները կտրուկ են և վճռական, նրանք կմտնեն իրենց բները։

Հետընտրական հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքաղաքական ճգնաճամը հաղթահարված է։ Դուք համաձա՞յն եք այս դիտարկման հետ։

-Ոչ։ Դա ընդամենը ժողովրդին հանգստացնելու խոսկցություններ են։ Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ։ Ճգնաժամը այս ընտրությամբ չի ավարտվել։ Սպասեք անկանխատեսելի և շատ լուրջ, վտանգավոր  քայլերի։ Ես դրա հոտը զգում եմ որպես նախկին օպերատիվ աշխատող։ Սրանք լուրջ, վտանգավոր ուժեր են և սրանցից ամեն մի վտանգավոր գործողություն սպասելի է։

Աղբյուր