Մուկուչյանը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Թվով 500 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին:

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Ընտրություններին մասնակցող 5 քաղաքական ուժերի ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունների թվով 14 թեկնածուներ:

Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների 16064 անդամներից չեն ներկայացել 119-ը՝ 114 տեղամասերում։ Տեղամասերում ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Տեղամասային կենտրոններին տրամադրվել է 4006 տեխնիկական սարքավորումներ:

Ժամը 8-ի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները: Խափանման որեւէ դեպք չի եղել:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 58 տեղական լրատվամիջոցների թվով 745 ներկայացուցիչներ եւ 49 օտարերկրյա լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչներ»,- հայտնեց Մուկուչյանը։