Ռիքերը Փաշինյանին փոխանցել է ամենակարևորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստան այցի շրջանակում հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնն ու նրա անունից վերհաստատել Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու ԱՄՆ պատրաստակամությունը: Ըստ էության, Փաշինյան-Ռիքեր հանդիպման այդ հանգամանքը հուշում է, որ մեծ հավանականությամբ Ռիքերը Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է կոնկրետ առաջարկների մասին, ակնկալելով Երևանի արձագանքը՝ «գործընկերությունը խորացնելու պատրաստակամությանը»: Անկասկած է, որ այդ խնդիրը շաղկապված է հանգամանքին, թե ինչ արդյունք կարձանագրվի Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը և ինչ իշխանություն կձևավորվի Հայաստանում: Եվ առանցքային է թերևս նաև այն, թե ինչպես կձևավորվի այդ արդյունքը: Ըստ ամենայնի հենց այդ համատեքստում է նաև, որ Ռիքերը ողջունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ու այդ համատեքստում գնահատել 2018 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության ժողովրդավարականությունը: Ամերիկացի դիվանագետը ըստ ամենայնի ակնարկում է Վաշինգտոնի դիրքորոշման մասին, որ հայ-ամերիկյան գործընկերության խորացման հեռանկարը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե որքան ժողովրդավարական կլինի ընտրությունը, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա պահպանել մեծամասնությունը և Հայաստանում իշխող քաղաքական ուժի կարգավիճակը: Այլ կերպ ասած, Ռիքերը ակնարկում է, որ միայն ժողովրդական մեխանիզմների գերակայությամբ արդյունքի հասնելու դեպքում Փաշինյանը կկարողանա վարել ինքնիշխան քաղաքականություն՝ հնարավորությունների առավելագույնի մասով, հակառակ պարագայում որևէ այլ կերպ արդյունքի հասնելու դեպքում նա հայտնվելու է դրանից «պատանդի» կարգավիճակում: Սա ըստ էության ամենասկզբունքային պահերից մեկն է, որ Հայաստանի համար եղել է քաղաքական զարգացման «աքիլլեսյան գարշապարերից» մեկը:

Հայաստանի գործնականում բոլոր իշխանություններն են ունեցել սկզբունքային որոշումներով պետականության որակ և արտաքին քաղաքականության բովանդակություն արդիականացնելու հնարավորություն, սակայն բոլորին խանգարել է հենց այն, որ նրանք պահել են իրենց իշխանական կարգավիճակը կեղծիքով: Խոսքը իշխանության հանրային լեգիտիմ հենքի մասին է: Թող չթվա չափազանցություն, սակայն հենց 2018-ին այդպիսի հենքի ձևավորումն է նաև եղել պատճառ, որ Արցախի ու Հայաստանի դեմ պարտադրված լայն պատերազմը ավարտվելով պարտությամբ ու հազարավոր զոհերով, այդուհանդերձ չի ավարտվել պետականության լիակատար կորստով: Պատկերացնենք այդ պատերազմը և հետևանքները այն իրավիճակում, երբ Հայաստանում կառավարում էր ոչ լեգիտիմ համակարգը: Հայաստանի համար այդ իրավիճակը լինելու էր թերևս վերջնական աղետ, ինչումն համոզվելու համար բավարար է վերհիշել, թե ինչ իրավիճակ էր ապրիլյան քառօրյայից հետո: Այդ պատերազմի հետևանքը իր մասշտաբներով բացարձակապես համեմատելի չէր 44-օրյա պատերազմին, որևէ կերպ համեմատելի չէր, սակայն դա բերեց ներքին ահռելի լարվածության ձևավորման, որտեղ հնարավոր եղավ ընդհուպ երեք ամիս անց զինված ապստամբության իրողությունը:

Պատկերացնենք, որ Հայաստանը ոչ լեգիտիմ համակարգի կառավարման շրջանում էր բախվում 44-օրյա պատերազմի ծավալի հետևանքներին:

Կասկած չկա, որ Հայաստանն այսօր կարող էր պարզապես չլինել, և եթե կա, ապա այստեղ էական նշանակություն ունի այն, որ Հայաստանում թեկուզ անարդյունավետ, թեկուզ բազմաթիվ հարցեր առաջացրած, թեկուզ վստահության որոշակի կորստով, բայց առկա էր հանրայնորեն լեգիտիմ իշխանություն: Սա շարունակում է մնալ կարևորագույն հանգամանք նաև ներկայումս, երբ Հայաստանն ակնհայտորեն այժմ էլ ենթակա է պատերազմի գրոհը ակտիվ ու պասիվ ռեժիմով կազմակերպած ու աջակցած պետությունների շրջանակի քաղաքական գրոհներին: