Ռուսական կայսրության դատարկ գնացքը հեռանում է․ Ռուսանպաստ ուժերն առերեսվել են լուրջ խնդրի

Ռուսաստանը վագոններ է բերել Հայկական երկաթուղիների համար: Դեսպան Կոպիրկինը նույնիսկ անձամբ էր գնացել դրանք դիմավորելու: Պետք է ինչ-որ դրական բան ցույց տալ, այն էլ՝ «հաղորդակցությունների ապաարգելափակման» պայմաններում: Բայց ստացվում է խիստ խորհրդանշական՝ ռուսական դատարկ վագոններ հայկական «ոչ մի տեղ չտանող» երկաթուղու համար, որը պատ է, ինչպես ժամանակին բնորոշել էր Ռուսական երկաթուղիներ ընկերության տնօրենը։

Արթուր Վանեցյանը Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը օգտագործում են հակառուսական հռետորաբանություն: Իրականում բոլոր կուսակցություններն էլ դա անում են յուրովի: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանը», որն իր նախընտրական արշավը նվիրել է բացառապես Ռուսաստանի հետ «ավելի խորը» հարաբերությունների խթանմանը, դրանով իսկ ընդգծելով այդ հարաբերությունների դատարկությունը:

Գրեթե բոլոր ռուսանպաստ ուժերն անուղղակիորեն մեղադրում են Ռուսաստանին: Նրանք ձևացնում են, թե պայքարում են միմյանց դեմ, բայց իրականում նրանք պայքարում են Ռուսաստանի դեմ: Դրա վառ օրինակը Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն է, երբ Փաշինյանի դեմ կոմպրոմատների պատրվակով, ըստ էության, բացահայտվեց Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի դավադրությունը Հայաստանի դեմ:

Վանեցյանը, ասելով «Ղրիմը մերն է», նախատում է Ռուսաստանին Արցախը չճանաչելու համար:
Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվեց բանակցային գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշելու նպատակով», նույնպես քար է նետում Ռուսաստանի այգին, որը դեմ է Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի վերսկսմանը և Արցախի կարգավիճակի քննարկմանը, համենայնդեպս առաջիկա տարիներին:

Ռոբերտ Քոչարյանը նույնպես հետ չի մնացել Ռուսաստանին նախատելու հարցում: «Խաղաղության համաձայնագիր գոյություն չունի, հակամարտությունը չի լուծվել: Պարզապես Ռուսաստանի միջամտությունը հանգեցրեց իրավիճակի հերթական սառեցմանը: Նման համաձայնագիրը կարող է ընդունվել Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի համաձայնությամբ», ասել է նա: Այսինքն ՝ առանց Ռուսաստանի: Նա հայտարարել է, որ սահմանազատումը, «միջանցքը», Բաքվի մուտքը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անընդունելի են, ինչպես նաև Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այսինքն , այն ամենը, ինչ Ռուսաստանը առաջ է բերում որպես իմպերատիվ, անընդունելի է։

Փորձելով «արդարացնել» Մոսկվային, Քոչարյանը Կոմերսանտին տված հարցազրույցում նրան ևս մեկ հարված է հասցրել: «Իրականում այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի դիրքորոշումը որոշակիորեն երկիմաստ էր. մի կողմից, Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից` Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկություն կա: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը միջնորդ է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա զգայունություն հաղորդեց Ռուսաստանի դերին այս ամբողջ պատմության մեջ: Սա բարդ իրավիճակ է, և դժվար է դրանից դուրս գալ առանց վնասվելու: Այս իրավիճակի  պարամետրերը որոշակի հիմք են տալիս այդպիսի շահարկումների համար», ասել է Քոչարյանը։

Պարամետրերն իսկապես նման են «հետաքրքիր հղիության», երբ հայտնի չէ, թե ով է ծնվելու: «Որպես հայ՝ ես կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վրա», հայտարարել է Քոչարյանը:

Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, և պետք է ելնել դրանից, հայտարարել է մեկ այլ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ի՞նչն է առաջացրել նման նախանձելի «կոնսենսուս»: Միգուցե դեր է խաղացել այն հանգամանքը, որ ռուսանպաստությունը հակադրվում է ինքնիշխանությանը եւ հավասարազոր է թուրքանպաստության։ Լավրովի պլանին համաձայնություն տալը տրամաբանորեն պիտի հանգեցներ դրան։