Ղրիմն էլ, Արցախն էլ, Երեւանն էլ՝ բոլորը ձերն է, տավարիշ Սալավյով

«Ղրիմն ո՞ւմն է», Պատիվ ունեմ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանին հարցրել է Վլադիմիր Սոլովյովը: «Ղրիմը մերն է», պատասխանել է Վանեցյանը: «Ձե՞րը՝ հայկակա՞ն», հարցրել է Սոլովյովը: «Ավելի ճիշտ՝ ձերը: Ղրիմը ռուսական է: Ղրիմի բնակիչները քվեարկության ճանապարհով հայտարարել են Ռուսաստանին միանալու ցանկության մասին: Ղրիմի ժողովրդի կամքը աներեր է», պատասխանել է Արթուր Վանեցյանը:

Քիչ էր մնում Վանեցյանն ասեր ճշմարտությունը, մանավանդ բանիմաց Սոլովյովի «հուշող» հարցից հետո: Բայց հայ ժողովրդի պատմության մասին մութ պատկերացումները բերեցին նրան, որ Ղրիմը մերն է ասելով նա ընդամենը ֆելդֆեբելի պատրաստակամությամբ կրկնում էր Крым-наш հայտնի կարգախոսը:

Իրոք, Վանեցյանը կարող էր հանգիստ պնդել, որ Ղրիմը մերն է, այսինքն՝ հայերի նվիրական հայրենիքը: Հայերն անհիշելի ժամանակներից բնակվել են Ղրիմում, իսկ Ճենովայի հանրապետության շրջանում՝ 15-րդ դարում Ղրիմը նույնիսկ կոչվում էր Ծովային Հայաստան (Armenia Maritime) կամ Մեծ Հայաստան (Armenia Magna)՝ իբրեւ ցամաքային Մեծ Հայքի առափնյա հուշ-բեկոր: 18-րդ դարում Ղրիմի ռուսական նվաճումից հետո մոր կողմից Մանուկով ֆելդմարշալ Սուվորովը հայերին զանգվածաբար տեղահանեց Ղրիմից դեպի Դոն եւ Կուբան:

Բավականին մարդ ստիպված էր իսլամ ընդունել եւ թաթարանալ սիրելի հայրենիքում մնալու համար: Հենց հայերի եւ հույների բռնի արտաքսումով Ղրիմի թաթարական տնտեսությունը կտրուկ անկում ապրեց եւ ընկավ ռուս կայսրուհու ոտքերը: Ռուսին ռուս դարձրած բնիկ քրիստոնյաներին փոխարինեցին ուկրաինացիներով, որոնց երկու դար անց Մոսկվայում համարեցին թերակղզում հակաքաղաքակրթական իրենց «առաքելությունը» ավարտած եւ ավելորդ:

Վանեցյան-Սոլովյով այս «երկխոսությունը» տեղի ունեցավ Արցախի խնդրի համատեքստում, երբ Վանեցյանը փորձում էր զուգահեռներ տանել եւ անմիջապես ընկավ անհեթեթությունների մեջ: «Արցախի ժողովուրդը եւս ինքնորոշվել է հանրաքվեի միջոցով: Սակայն, ցավոք, Արցախի ժողովրդի կամքը դեռ չի իրականացվել՝ չնայած Ռուսաստանի եւ այլ երկրների աջակցությանը (?): Վերջին պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից՝ ուժի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, երկուսը՝ ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, խախտվել են (?)», ասել է Արթուր Վանեցյանը: Հավանաբար Լավրովյան պլանը նկատի ուներ:

Ռուսաստանն այդ ինչպե՞ս է աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, գուցե ՄԽ կազմու՞մ: Կամ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականության սկզբունքը չի խախտվել. ո՞ւմ տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի՞, Արցախի՞, մի գուցե Հայաստանի՞:

Վանեցյանը միակը չէ, որ ընկնում է նման անհեթեթությունների մեջ: Ընդհանրապես, Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերին «բռնացնելու» փորձերը բնորոշ են հայ քաղաքական գործիչներին՝ խեղճության, գավառականության, քաղաքականությունը լայն ընդգրկմամբ չտեսնելու պատճառով: Դեռ 2014-ին, Ղրիմը բռնակցելուց անմիջապես հետո Լավրովը շտապեց հայտարարել, որ Ղրիմի ու Ղարաբաղի խնդիրները միանգամայն տարբեր են:

Հենց այդ տարվանից Ռուսաստանը գործի դրեց իր «նոր քաղաքական կուրսը», այդ թվում՝ Հայաստանի դեմ ներկայում կիրառվող պլանը, որը կոչվեց Լավրովի անունով: Դա Հայաստանի մասնատման, ինքնիշխանությունը սահմանափակելու պլանն է:

Ֆելդմարշալ չծնող ռեզերվացիան պատրաստ է ֆելդֆեբելներ մատակարարել գաղութարարներին: Թող ծավալվեն իրենց համար անծանոթ մնացած հայրենիքից հեռու մի տեղում: