Սերժ Սարգսյանը բացահայտեց Ռուսաստանի ու մյուսների դավադրությունը

Սերժ Սարգսյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը պատմում է Արցախի թեմայով իր զրույցը Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հետ: Վերջիններս ասում են, որ ժամանակն է, օգտվելով Փաշինյանի մեծ ժողովրդականությունից, լուծել Ղարաբաղի հարցը, առաջարկում են Լավրովի պլանը, ասում են, թե հայկական զորքը դուրս է բերվում, իրենք են զորք բերում, որ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ այլն:

Ձայնագրության մեջ Փաշինյանն ասում է, որ այդ դեպքում պետք է թղթի վրա արձանագրել այդ հանգամանքը, սակայն եռյակն ասում է, որ Ալիեւն այդ դեպքում դավաճան կհամարվի: Փաշինյանն էլ ասում է, որ համաձայն չէ, եւ իրեն գժի տեղ դնելու գնով էլ լինի՝ հրաժարվելու է այդ տարբերակից: Այդտեղ ձայնագրությունն ավարտվում է, եւ Սերժ Սարգսյանն իր կողմից ավելացնում է, որ այս մարդը հեչ էլ գիժ չի, եւ ուզում է զրոյացնել բանակցային փաստաթղթերը:

Այս թեման իհարկե նոր չէ, զլմ-ներում վաղուց արտահոսքերի ձեւով հրապարակվել է այն ամենը, ինչ պատմում է Նիկոլ Փաշինյանը: Խոշոր հաշվով, այդ ձայնագրությունը կոմպրոմատ էլ չէ, ավելի շուտ՝ կոմպրոմատ է Եվրասիական հիմնադիր եռյակի՝ Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հանդեպ: Եռյակ, որի «ծանրությունն» իր վրա զգացել է նաեւ Սերժ Սարգսյանը, այդ թվում՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի եւ 2016-ի ապրիլյան պատերազմի տեսքով:

Եվրասիական եռյակը նույն առաջարկն արել էր նաեւ Սերժ Սարգսյանին, ապացույցը՝ Լուկաշենկոյի հրապարակված ձայնագրությունը:

Սերժ Սարգսյանը 24 ժամ էր տվել Փաշինյանին՝ թալանի, կազինոներում խաղալու եւ այլ հայտարարությունների վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար, հակառակ դեպքում խոստանալով կոմպրոմատներ հրապարակել նրա եւ նրա ընտանիքի մասին: Առաջին կոմպրոմատը ստացվեց Սերժ Սարգսյանի «վրեժը» Ռուսաստանից ու մյուսներից՝ բացահայտելով Հայաստանի դեմ եռյակի դավադրությունը:

Լավրովի պլանը պետք է մերժվի. ներքաղաքական գզվռտոցը դրա մասնակիցների գործն է, Հայաստանի խնդիրները վեր են ամեն ինչից: