Լավրովը բացահայտել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի արմատը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չունի գերտերության հավակնություններ: Նա «պրիմակովյան ընթերցումների» մասնակիցների առաջ ելույթում ասել է, թե Ռուսաստանը պարզապես չի ընդունում սեփական արժեհամակարգը ամենուր պարտադրելու արևմտյան քաղաքականությունը: Լավրովը գործնականում ակնարկել է Ռուսաստանի խորքային նպատակի մասին, այն է՝ ոչ թե հավակնել համաշխարհային ազդեցության, այլ ընդամենը ունենալ ազդեցության սեփական գոտին և Արևմուտքի հավաստիքը առ այն, որ չեն լինելու այդ գոտում արևմտյան համակեցության նորմեր առաջ մղելու փորձեր:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի արտգործնախարարը ընդամենն ակնարկում է այն մասին, որ Ռուսաստանը ուզում է իր բաժինն աշխարհից և ուզում է, որպեսզի այդ բաժնին չհավակնի ոչ ոք, մասնավորապես՝ Արևմուտքը: Լավրովի հայտարարությունը մի կողմից հասկանալի է՝ գերտերության հավակնություն չունենալու առումով:

Ի վերջո, Ռոււսաստանը չունի նաև գերտերություն լինելու բավարար ռեսուրս, ինչի մասին ռուսական վերնախավը հիանալի պատկերացնում ու ինչը հիանալի գիտակցում է: Իսկ, եթե չկա ռեսուրս, հավակնությունը կարող է դառնալ կործանարար: Ամբողջ հարցը այն է սակայն, որ Ռուսաստանի պարագայում սպառվում է անգամ ռեգիոնալ տերության ռեսուրսը, ինչի վառ վկայությունն է Կովկասը, որտեղ արցախյան պատերազմով Թուրքիան պարտադրել է իր ներկայությունը:

Եվ այն, որ Մոսկվան իրենը համարվող ռեգիոնում հանդուրժել է Թուրքիայի մուտքը, խոսում է այն մասին, որ նույնիսկ ռեգիոնալ մակարդակում, նույնիսկ հենց «աշխարհի իր բաժինը» դիտարկվող մակարդակում Ռուսաստանն ի վիճակի չէ ապահովել իր շաhերը, էլ չենք խոսում դաշնակից համարվող երկրների շահերի մասին:

Ամբողջ հարցն այն է, որ ռուսական ներկայիս վերնախավը պատրաստ է այդ իրավիճակներում կիսվել թուրքերի, քան Արևմուտքի հետ: Իսկ սա հաշվարկների և բարդույթների մի հիբրիդի հետևանք է, որն էլ արտահայտվում է այդ թվում և Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմով, որ մղվում է արդեն շատ երկար տարիներ, և որի ռազմական բաղադրիչի գագաթնակետը 2020 թվականի պատերազմն էր, իսկ քաղաքական գագաթնակետին կարծես թե մոտենում ենք հետպատերազմյան այս ընթացքում: