Վիտալի Բալասանյանի գորիսյան «բացահայտումը»

Գորիսում Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ընթացքում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի երևակվելը դարձել է մեծ ուշադրության առարկա: Բալասանյանն ինչպես հայտնի է իրեն ուղղված հարցին պատասխանել էր, թե չի եկել հանրահավաքին մասնակցելու, այլ եկել էր Գորիս թեյ խմելու: Ակնհայտ է, որ նրա պատասխանն այսպես ասած խուսափողական է, որովհետև Բալասանյանին էլ պարզ է, որ զուտ թեյ խմելու համար հազիվ թե արժե Ստեփանակերտից հասնել Գորիս, այն էլ մի պարագայում, երբ Արցախում կա անելու ահռելի գործ:

Մյուս կողմից, իհարկե դա չի նշանակում, որ Բալասանյանն անպայման եկել էր հանրահավաքի: Հնարավոր է, որ նա Գորիս էր եկել այլ գործով: Բայց, փաստորեն այնպիսի, որի մասին նա չէր կարող կամ չէր ուզում հայտնել լրագրողներին: Իսկ դա թերևս հուշում է, որ այդուհանդերձ նրան Գորիս է բերել գործ, որը կապ ունի Հայաստանում նախընտրական գործընթացների հետ: Սրան զուգահեռ, սակայն, հազիվ թե Բալասանյանը եկել էր հանրահավաքին մասնակցելու, որպեսզի ավելացներ դրա բազմամարդությունը: Մեկով ավելի, կամ պակաս, իհարկե չունի նշանակություն: Այստեղ գալիս է մյուս հանգամանքը: Եթե նա եկել էր գործով, որը կապ ուներ Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ, և որը չարժեր բարձրաձայնել, ապա մեծ հավանականությամբ Բալասանյանն այդ գործը կաներ այսպես ասած առանց ավելորդ աչքի ընկնելու: Ինչո՞ւ գնալ հանրահավաքի վայր, որտեղ քարոզչություն է իրականացնում Ռոբերտ Քոչարյանը, բարևել նրան, աչքի ընկնել տասնյակ տեսախցիկների առաջ, եթե այդ շփումները կարող էին լինել ավելորդ աչքից հեռու և առավել գործնական: Հետևաբար, հնարավոր է եզրակացնել, որ եղել է հենց աչքի ընկնելու նպատակ: Դա գուցե չի եղել միակ նպատակը, բայց եղել է հատուկ նպատակ և դրա համար էլ Վիտալի Բալասանյանը «բացահայտել» է Ռոբերտ Քոչարյանի քարոզչության ընթացքում իր Գորիսում գտնվելու հանգամանքը և գնացել նրա հետ շփման, դա ի ցույց դնելու համար: Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը ցանկացել, որպեսզի դա աչքի ընկնի, և դա եղել է միայն նրա ցանկությունը, թե նաև Ռոբերտ Քոչարյանի, սա իհարկե հարցերից մեկն է:

Համենայնդեպս նկատելի է, որ երկրորդ նախագահն էլ դեմ չի եղել Վիտալի Բալասանյանի հետ «բացահայտվելուն»: Իսկ, թե ինչ են նրանք «քողարկում» դրա ներքո, սա արդեն առանձին հարց է: Հնարավոր է իհարկե՝ ոչինչ, այլ դա պարզապես հենց նախընտրական հնարք է, որ առանձնապես չի պարունակում մեծ ինտրիգ: Սակայն, բոլոր դեպքերում, անհրաժեշտ է արձանագրել մի բան, որ Արցախը այն էլ ներկայիս իրավիճակում Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ-ինչ ուժերի նպատակներին ծառայեցնելը ուղղակի հավասարազոր է Արցախի և Հայաստանի անվտանգության հետ խաղալուն: Արցախը որևէ կերպ չպետք է խաղարկվի Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լուծելու որևէ «կոմբինացիայում», անգամ հենց այսպիսի «բուկլետային» տրամաբանությամբ: