Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը մտավախություն ունեն, որ Փաշինյանը կարող է գաղտնազերծել տվյալներ ու փաստաթղթեր

Ընտրություններին մասնակցող 10 ուժեր հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել, և եթե սկզբունքը չփոխվի, իրենք կհրաժարվեն մասնակցել այդ բանավեճին:

Մասնավորապես, նշվում է, որ բանավեճը անցկացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից. «Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը։

Այն բացառում է նոր կուսակցությունների, նոր ասելիքի առերեսումը և համեմատումը հին կուսակցությունների և հին ասելիքի հետ՝ փորձելով քաղաքացիներին ցույց տալ, որ իրական հակադրությունը հին կուսակցությունների միջև է, իսկ նորերն ընդամենը զանգվածային տեսարան են ապահովում «գլխավոր» դերակատարների համար։

Բանավեճի այս ձևաչափը խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները»,ասված է հայտարարությունում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հասկանալի է, որ 26 մասնակիցների բանավեճը միաժամանակ անցկացնելը բավականին լուրջ տեխնիկական խնդիրներ է առաջացնում: Մյուս կողմից թեկնածուների կիսելն էլ իր խնդիրներն է առաջացնելու, որովհետև իրար հետ մրցակցող ուժերի մի մասը իրար հետ չի հանդիպի: Դժվար է մի բանաձև գտնել, որտեղ բոլորը բոլորի հետ կկարողանան բանավիճել և հակադարձել: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է նաև ուսումնասիրել միջազգային փորձը:  Նույն միջազգային կառույցները, երբ քննադատում են Հանրային հեռուստատեսությանը, պետք է նաև առաջակեն, թե ինչ կարելի է այդ պարագայում անել:

Այս հարցի անթերի լուծում ես էլ, անկեղծ ասած, չեմ պատկերացնում: Բայց կարելի է այդ հարցը քննարկել, ժամանակ դեռ կա: Եթե փորձագետները կենտրոնանան այդ հարցի շուրջ և փորձեն լուծումներ գտնել, կարծում եմ՝ կգտնեն: Միգուցե իմաստ ունի մասնակիցների մեջ մի փոքր հարցում իրականացնել, թե որ ուժերի հետ իրենք կուզենային բանավիճել»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե հողատուի հետ չի բանավիճի, սակայն երեկ Հանրայինով այդ ուժերի ներկայացուցիչները մասնակցում էին բանավեճին, Աշոտ Մելիքյանն ասաց. «Ստացվեց, որ ՀՅԴ ներկայացուցիչը, այդուհանդերձ, ՔՊ-ի ներկայացուցչի հետ, այլ ուժերի ներկայացուցիչների հետ նստեց ու բանավիճեց: Դա ճիշտ մոտեցում է: Ընդ որում, բավականին քաղաքակիրթ բանավեճ էր, վիրավորանքներ ու ատելություն չկար: Կառուցողական քննադատություն էր հնչում: Դա կարող է հիմք ծառայել մեր հասարակությունում, քաղաքական շրջանակներում բանավեճի կուլտուրան զարգացնելու համար»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեին արած հայտարարությանը, թե չի համաձայնել բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ չի ցանկացել, որ նա բանավեճից հետո ինքնասպան լինի, իրականում ինչն է լիդերներին հետ պահում բանավեճից, ԽԱՊԿ-ի ղեկավարն ասաց. «Կարծում եմ՝ այստեղ առաջին հերթին ամբիցիաներն են: Չգիտես ինչու, նախկին նախագահներն իրենց քաղաքական ասպարեզում գրեթե աստված են պատկերացնում, և համարում են, որ Նիկոլ Փաշինյանը այդ փորձն ու գիտելիքները չունի, որ իր հետ բանավիճեն: Բայց դրա հետ մեկտեղ կա շատ ավելի լուրջ կասկած կամ ենթադրություն, որ իրենք իսկապես պատկերացնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գաղտնազերծել տվյալներ ու փաստաթղթեր նույն Ղարաբաղի խնդրի հետ կապված և դրանով իսկ փաստորեն այնպիսի փաստարկներ բերել, որոնք հնարավոր չի լինի հերքել: Ես նաև դրանով եմ պայմանավորում իրենց մոտեցումը:

Բացի դա, պետք է հասկանալ, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ առավել ևս,  Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հռետորական հնարավորությունները չունեն և մտավախություն ունեն, որ եթերում կպարտեն: Այս երեք գործոնները պատճառ են հանդիսանում այդ բանավեճից հրաժարվելու համար»:

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ սրանք լինելու են ամենախայտառակ ու վտանգավոր ընտրությունները՝ նշելով. «Ես համարում էի, որ կարող են իսկապես վատ ընտրություններ լինել: Բայց անկեղծ ասած, երեկվա բանավեճը ինձ մոտ մի փոքր հույս առաջացրեց, որ ամեն դեպքում քաղաքական ուժերն ունեն անձինք, որոնք կարողանում են, ունակ են քաղաքակիրթ բանավեճի մեջ մտնելու: Սա շատ կարևոր էր: Կարծում եմ՝ պետք է կրքերը մի քիչ հանդարտեցնել, և շեշտը դնել փաստարկների ու փաստերի վրա, ոչ թե էմոցիաների ու ատելության մրցավազքի վրա»:

Աղբյուր