Բոլորը գտնվում են նշանառման տակ, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, բոլորը կոչնչացվեն. ԳՇ պետի տեղակալ

Ռազմական գործողությունների դեպքում ներկայում ՀՀ տարածքում գտնվող մոտ 1000 ադրբեջանցի զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, հայկական ուժերը կոչնչացնեն նրանց բոլորին անխտիր։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը։

«Ամբողջ ճակատով հակառակորդի՝ մեր տարածքում գտնվող զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Բայց ստորաբաժանումների վերածելով և հարաբերակցելով այդ ուղղությամբ գտնվող մեր ստորաբաժանումների հետ, հակադակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրամա՞ն է տվել, Ասրյանը պատասխանեց․ «Այդպիսի բան չկա, քաղաքական ղեկավարությունն այդպիսի հրամաններ չի տալիս։ Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ, իսկ կրակել-չկրակելու հարցը որոշում ու լուծում տալիս ենք մենք։ Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակարոդը արդեն իսկ ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ և կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին։ Բոլորը գտնվում են նշանառման տակ, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, ուժերը բոլորը տեսանելի են, թաքնված ուժեր չկան, բոլորը գտնվում են նշանառության տակ։ Ներկա դրությամբ, իմ գնահատականով, այդ նախանշանները դեռևս չկան, եթե լինեն մենք արդեն ուժ կկիրառենք, կոչնչացնենք հակառակորդին։ Նախանշաններից մեկն այն է, որ եթե հակառակորդը փորձեց իր ուժերը որոշակի հեռավորությամբ մեզնից հեռացնել, դա առաջին նախանշանն է, որ ինքը պատրաստվում է ուժ կիրառելու։ Մենք նրանից առաջ կանցնենք, իսկ եթե ինքը մեզ հետ շփման ավելի մոտիկ հեռավորությունների վրա է, ապա չկա այդ նախանշանը։ Համոզված եղեք, որ մեր զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու։ Ոչ մեկը զինված ուժերին չի արգելում իրենց պարտականությունները կատարելու»։