Մակրոնը Հայաստանին տալիս է ևս մեկ նոր ուղենիշ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 25-ին ԵՄ Վեհաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունն էֆեկտիվ չէ ու Ռուսաստանին զսպման համար Եվրամիությունը պետք է արմատապես փոխի քաղաքականությունը և գտնի նոր մեխանիզմներ: Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ին պետք են ՌԴ հանդեպ կարճաժամկետ, երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարություններ, որոնց վերաբերյալ նախապատրաստական աշխատանքը Եվրահանձնաժողովը պետք է հասցնի մինչև ԵՄ հունիսի 24-25-ին նախատեսված Վեհաժողով:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ուշադրության է արժանի թե լայն, թե մասնավոր՝ ռեգիոնալ իմաստով, հաշվի առնելով այդ դիրքավորումները, որ պաշտոնական Փարիզը ցուցաբերում է Կովկասում ստեղծված իրադրության, մասնավորապես Հայաստանի սահմանների առումով, նկատի ունենալով նաև Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի դերի հանգամանքը: Այդ համատեքստում ակնառու է նաև, որ Եվրամիությունը պետք է լրջորեն վերանայի նաև իր քաղաքականությունը Հայաստանի հարցում, քանի որ այդ հանգամանքը ևս անխուսափելիորեն առնչվում է ՌԴ հանդեպ քաղաքականության ռազմավարությանը: Ըստ այդմ, այն մշակումները, որոնք պետք է իրականացվեն մինչև հունիսի Վեհաժողով, պետք է շոշափեն նաև հայաստանյան ուղղությունը: Այդ իմաստով, նոր նշանակություն և կարևորություն է ստանում Երևան-Փարիզ հարաբերությունը, որն առանց այդ էլ շոշափելի կարևորություն էր ձեռք բերել սահմանային, և ընդհանրապես հետպատերազմյան իրավիճակի բերումով, այդ իրավիճակի հանդեպ Ֆրանսիայի միարժեք և հստակ դիրքորոշման համատեքստում:

Ֆրանսիան այդ իմաստով հարթակը, խողովակը, այն դաշտն է, որի միջոցով Երևանը պետք է փորձի փոխշահավետ մշակումներ քննարկել Եվրամիության քաղաքականության մեջ որպես նպատակ վերաիմաստավորվելու, ինչպես նաև դրա շնորհիվ քաղաքականության նոր մոտեցումներ ձևավորելու համար, որոնք կօգնեն Հայաստանի պետական և հանրային ներուժի արդիականացման գործընթացում առավել մեծ արդյունքի հասնելուն: Միևնույն ժամանակ, այդ խնդիրը և դրա ուղղությամբ աշխատանքը պետք է լինի թերևս ոչ միայն պաշտոնական Երևանի, այլ նաև Հայաստանի հետպատերազմյան վերականգնման, և առաջին հերթին ինքնիշխանության ներուժի վերականգնման հարցում իրապես շահագրգռված քաղաքական ուժերի և հանրային սեկտորի ներկայացուցիչների անելիքը, հասկանալի է՝ իրենց հնարավորությունների և իրավասության, իրենց գործիքակազմի դաշտում: