Կասկածներ կան, որ պատերազմը կարող էր հրահրված լինել Ռուսաստանի կողմից. պատգամավոր

Կասկածներ կան, որ Արցախի դեմ պատերազմը ևս կարող է հրահրված լինել Ռուսաստանի կողմից։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մեր ժողովրդի գլխին արհավիրք բերած «Լավրովի պլանի» հեղինակ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարը երեկ հարցազրույց է տվել և խոսել հայ-ռուսական հարաբերությունների՝ ժամանակով ստուգված լինելու մասին, ասել է, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է նեցուկ լինել հայ ժողովրդին։ Սա իրականում ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև մենք ունեցել են իրավիճակ, երբ Ռուսաստանը պատրաստ է եղել պատերազմի արդյունքում իր ռազմական ներկայությունը հաստատելու համար Արցախում աղերսել Էրդողանից այդպիսի արտոնություն։ Ավելին, ես կարծում եմ՝ նոր պարզաբանումներ են պետք, պատասխաններ են պետք, որովհետև կասկածներ կան, որ պատերազմը ևս կարող է հրահրված լինել Ռուսաստանի կողմից։

Դրա հիմնարար կասկածները շրջանառվում են բոլոր փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներում՝ մի պարզ պատճառով, որ պատերազմի արդյունքում հնարավոր եղավ ռուս-թուրքական աշխարհակարգ ձևավորել և ռուս-թուրքական ծրագրերն իրականացնել այս ռեգիոնում։ Ուստի, առաջարկում եմ, որպեսզի ԱԺ ղեկավարությունը և ԱԺ-ում իշխող ֆրակցիան այս պահին նախաձեռնությամբ հանդես գա, հրավիրենք այստեղ նաև վարչապետին, որպեսզի հրապարակվի Ռուսաստանին ուղղված նամակի բովանդակությունը։ Եվ մենք կկարողանանք սպառիչ պատասխան ունենալ և գնահատել Ռուսաստանի արձագանքը մեր դիմումին՝ կատարելու իր դաշնակցային պարտավորությունը Հայաստանի հանդեպ»,- ասաց Արման Բաբաջանյանը։