«Հասկանանք, թե ում կոկորդին ենք կանգնել մեր գոյությամբ». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի լավ հասկանաք, թե ում կոկորդին ենք կանգնել մեր գոյությամբ, եկեք ծանոթանանք Իսրայելի և Պաղեստինի համար փորձանք դարձած վարչապետ Նեթանյահուի ամենամեծ ծրագրին, որը նախաձեռնել էին մի քանի տարի առաջ, արաբական աշխարհը Իսրայելին կապելու, տնտեսապես Իսրայելից կախման մեջ գցելու և տասնամյակների թշնամանքն ու ատելությունը, իբրև, հարթելու համար։

Նախագիծը կոչվում է «Տարածաշրջանային խաղաղության ուղիներ», ինչն իրենից ներկայացնում էր տրանս-արաբական երկաթգիծ, որը պիտի կապեր… ուշադրություն՝ Արևելքը Եվրոպայի հետ, Պարսից ծոցը Միջերկրական ծովի հետ։

Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահրեյն, Էմիրաթներ, Օման. սրանք Պարսից ծոցի այն երկրներն են, որոնք պիտի անմիջապես շահեին դեպի Միջերկրական ծով, իսկ այնտեղից էլ Եվրոպա դուրս գալուց։

Տնտեսական այս կարևորագույն նախագիծը պիտի միաբաներ Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված մի քանի երկրներ փոխշահավետ գործարքի մեջ ու ամենակարևորը՝ ընդդեմ Իրանի, ով վերահսկում է թե՛ Պարսից Ծոցի, թե՛ Կարմիր ծովի մուտքն ու ելքը, այսինքն, այս երկրների առևտրային հիմնական ուղիները։

Բայց։

Իրանը Պարսից ծոցը Եվրոպայի հետ կապելու իր ուրույն նախագիծն է առաջ քաշում՝ Հայաստանով և Վրաստանով դեպի Սև ծով, իսկ այնտեղից՝ Եվրոպա։ Եվ Նեթանյահուի մեգանախագիծը հոդս է ցնդում։ Իրանի դեմն առնելու միակ թույլ տեղը պարտված Հայաստանն է և Սյունիքը։

Բնականաբար, նման յուղոտ հակամարտությունից և նման բարձր խաղադրույքներից օգտվելու առիթը չի կարող կորցնել Ռուսաստանը, ով պիտի հայերի փոխարեն՝ ռեկետյորի տրամաբանությամբ, Սյունիքը դարձնի առևտրի առարկա հակամարտության կողմերի միջև։

Հենց հիմա սա է տեղի ունենում մեր սահմաններին, հայրենակիցներ։ Փորձում են փակել Իրանի ճանապարհը։ Իմացեք միայն, որ այս աշխարհաքաղաքական սառը պատերազմում Իրանը դեռևս հաղթանակներով առաջ է գնում»։

Աղբյուր