Նիկոլ Փաշինյանի ելույթներից երեւում է, որ տեղի է ունեցել արտակարգ մի բան

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում տեղի ունեցող զարգացումները։ Որքանո՞վ այս զարգացումները կապ ունեն Ռուսաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստան ու Ադրբեջան կատարած այցի հետ։

Բոլորը իրադարձությունները փոխկապակցված են։ Այն վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ղարաբաղյան խնդրի շուրջ, դրանք փոխկապակցված են նաև այնքանով, որ հասկանալի է, որ ադրբեջանական զորքերի նման տեղաշարժն ուղղակիորեն Ալիևի ցուցումով է արվել։ Իսկ Ալիևը նման որոշումներ կայացնելիս, իհարկե, նման ցուցումներ ստանում է Էրդողանից։ Ակնհայտ է, որ երկուշաբթի օրը Լավրովի հետ հանդիպումից ընդամենը երկու օր հետո այս դեպքը տեղի ունեցավ, երբ Լավրովը բարձրաձայնեց որոշակի խնդիրների մասին։ Այդ թվում՝ նա մատնանշեց ճանապարհների խնդիրը։ Այսինքն՝ ինքը բազմանշանակ կերպով մատնանշեց այդ կոմունիկացիաների բացման գործում ճանապարհների խնդիրը։ Եվ մենք տեսանք, որ այս գործողությունները, որոնք տեղի ունեցան ադրբեջանցիների կողմից, դրանք կոնկրետ Սիսան-Գորիս ճանապարհի խնդիր էին փորձում լուծել։ Այդ տեսանկյունից, իհարկե, փոխկապակցվածություն կա։

Լայնածավալ պատերազմի սցենար կարո՞ղ է լինել։

Նիկոլ Փաշինյանի խոսքից երևաց, որ նման զարգացումներ կարող են լինել։ Ի տարբերություն նախկին իր բոլոր հայտարարությունների, երեկ նա առաջին անգամ երևի ինքն իր համար բացահայտում արեց։ Այն, ինչ նախկինում խոսում էր, ներկայացնում էր Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրը՝ անվտանգային որոշակի միջավայրում, առաջին անգամ ինքը երեկ կասկած հայտնեց իր իսկ դիրքորոշումներին։ Եվ այդ տեսանկյունից, իհարկե, հիմա կարելի է ասել, որ ինքն իր համար բացահայտում կատարեց, որ հնարավոր են այնպիսի զարգացումներ, որոնք իր պատկերացումների ու համոզմունքների հետ չեն բռնել։ Այն պատկերացումների, որով իրեն կերակրել են։

Նա ավելի վաղ ասում էր, թե Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցվում է Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի կոլեկտիվ անվտանգության համակարգերն աշխատեն։

Այո, ես հենց դա նկատի ունեմ։ Երեկ տեղի են ունեցել պաշտոնական հեռախոսազրույցներ Շոյգույի և այլոց հետ։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության այդ բոլոր խողովակները կիրառելուց հետո հարկ է եղել շատ ուշ ժամի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Եվ պարզ է դարձել, որ ինչ-որ բան կատարվում է, որը Նիկոլ Փաշինյանի պատկերացումներից դուրս է հայտնվել։ Ասինքն՝ միֆ է եղել այն, ինչ ինքը պատկերացրել է։

Հայաստանը պե՞տք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին այն դեպքում, երբ թշնամին 3,5 կմ խորացել է Հայաստանի տարածք։

Դա շատ բարդ խնդիր է։ Ինֆորմացիայի այդ ծավալին տիրապետող պետական ինստիտուտների ղեկավարները կարող են այդ հարցերին պատասխանել։ Մեզ պետք է հուզի նաև այն հարցը, թե արդյոք սա արված չէ նաև այն բանի համար, որպեսզի Հայաստանը դիմի։ Մենք ենթադրել կարող ենք, որ նման դեպքերում անվտանգության խնդիրը լուծելու համար հարկ կա օգտվելու այդ գործիքից, բայց կարող է պարզվել, որ դա հատուկ ստեղծված է, որ այդ գործիքից օգտվենք, և Սյունիքի հետ կապված Ռուսաստանն ինչ-որ այլ քաղաքականություն իրականացնի։ Այսօր այդ հարցի պատասխանը միանշանակ չկա։

Եվ հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ է կանգնել, որովհետև իր համար դա եղել է լուծելի խնդիր՝ եթե այդպիսի բան լինի, կդիմես ՀԱՊԿ։ Բայց տեսնում ենք, որ այդ գործիքից օգտվելու սահմանափակում ու արգելք կա։ Որոշակի արգելքի առաջ է ինքը կանգնել, այդ արգելքը պայմանավորված է նրանով, որ իրեն թույլ չե՞ն տվել դիմել, թե՞ իրեն հասկացրել են, որ եթե դիմի, ավելի վատ հետևանքներ կարող են լինել։ Այսպիսի խնդիրներ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի երեկվա ու այսօրվա ելույթներից երևում է, որ տեղի է ունեցել արտակարգ մի բան։ Ոչ թե արտակարգն ադրբեջանցիների այս քայլն է, ոչ, շատերի համար դա սպասելի էր։ Անսպասելի էր հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Այդ անսպասելիությունն իր երեսին զարնվել է։ Ինչ-որ միֆ է կոտրվել իր մոտ։

Ամերիկյան կողմից ինչ-որ միջամտություն հնարավո՞ր է այս հարցին, ԱՄՆ որոշ կոնգրեսականներ արդեն կոչով դիմել են Բայդենին։

Ամերիկյան կողմից նման կարգի ակտիվություն ու հայտարարություններ մենք միշտ էլ տեսել ենք։ Այնպես չէ, որ նախկինում ակտիվություն չի եղել։ Անգամ դեսպանի այն հարցազրույցից, որը նա տվեց Ազատություն  ռադիոկայանին, երևաց, որ նրանք սպասում են պաշտոնական Երևանի այլ քաղաքական կուրս վարելուն։

Հիմա այստեղ է հարցը՝ Նիկոլ Փաշինյանը նման իրավիճակում որ ճանապարհով կգնա։ Չէ՞ որ նա գնացել է Կրեմլի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ դրանք Հայաստանի անվտանգային միջավայրը կբարելավեն, դա խնդիրների լուծման ճանապարհ կդառնա։ Բայց հիմա ըստ էության պարզ է դարձել, որ դա այդպես չէ, և ճիշտ էին բոլոր այն քաղաքագետները, վերլուծաբանները, ովքեր ասում էին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ Ռուսաստանի ուղղակի ներգրավվածությունն այն աստիճանի է, որն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցրել Հայաստանին։ Եվ այստեղ Կրեմլից սպասել անվտանգային ինչ-որ բարելավումներ, տեղին չէ, որովհետև բոլորը տեսնում են, որ գործընթացը չի ավարտվել։ Կան հայտարարության որոշակի կետեր, որոնք իրականություն չեն դարձել՝ գերիները չեն վերադարձվել, կոմունիկացիաները չեն բացվել։ Եվ դրանք էլ ըստ էության միտված են էլի ինչ-որ գործընթացի, որի ավարտը դեռևս չի երևում։ Ըստ էության դրանով էլ չեն սահմանափակվելու։

Ամեն դեպքում, հիմա Հայաստանի համար վտանգն ավելի շատ այն է, որն քաղաքական ղեկավարության մոտ կա լիարժեք ապակողմնորոշում։ Այն պատկերացումները, որոնք իրենք ձևավորել էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, դրանք են փլուզվում։ Եվ փլուզվելու արդյունքում տակը չի ձևավորվում ինչ-որ բան։ Այդ ապակողմնորոշումը ակնհայտ դարձավ հենց Անվտանգության խորհրդի նիստում։

Աղբյուր