Թշնամին մեծ թվով զորք ու զինտեխնիկա է կուտակում Սեւ լճի մոտ․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է, որ երեկ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ավարտվել է հայ-ադրբեջանական-ռուսական հանդիպումը, որի ժամանակ քննարկվում էր Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական ուժերի ներխուժման հարցը:

Բանակցությունները երկար են տևել, շատ բարդ են ընթացել, մեզ հասած տեղեկություններով, այն ավարտվել է հետևյալ եզրահանգմամբ՝ վաղը ադրբեջանական զինուժը Իշխանասարի հատվածում հետ է քաշվում, ստեղծվում է միջպետական միջկառավարական հանձնաժողով սահմանազատման աշխատանքների հետ կապված:

Բայց, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմը պայման է դրել, որ Գորիսի հատվածում հայկական զինուժը հետ քաշվի և ինչ-որ տարածք զիջի:

Թերթը գրում է, որ «թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում»։