Իլհամ Ալիևը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիևը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Մայիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահի պաշտոնակատար Իլհամ Ալիևի գործով դատավարությունը:

Նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 16 տարվա ազատազրկման, իսկ նրա փեսան (քրոջ ամուսինը)՝ Մեհման Ռզաևը, 14 տարվա ազատազրկման:

Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության, մասնավորապես՝ հօգուտ Իրանի լրտեսության մեջ: Ըստ փաստաբան Ջավադ Ջավադովի` «Իլհամ Ալիևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, իրեն մեղավոր չի համարում: Քրեական գործի նյութերում նույնպես չկա մեղադրանքը հաստատող ապացույց»:

Աստվածաբան Իլհամ Ալիևը ձերբակալվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2020 թվականի փետրվարին: Մարտի 2-ին դատարանը 4 ամսով կալանավորել էր Իլհամ Ալիևին՝ դավաճանության մեղադրանքով: Նշենք, որ այդ կուսակցությունը ստեղծվել է 1991 թվականին:

Ադրբեջանական իշխանությունները կոշտ պայքար են մղում կուսակցության դեմ, որը մեծ հեղինակություն ունի երկրի կրոնապաշտ բնակչության շրջանում։ Իշխանությունները համարում են, որ կուսակցությունն ուղղորդվում է Իրանի կողմից։

Նյութի աղբյուրը` Yelaket.am