Հայաստանի շանսը. Լավրովի ճակատագիրը ռուս վերլուծաբանների պատկերացմամբ

Նախընտրական քաղաքական կյանքը փոխարինող «ինքնասպասարկման» այն գործողությունը, որ Պուտինի պորտրեին հառած, վրա-վրայի իրականացնում է հայ կուսակցական դասը, ներդաշնակ է Ռուսաստանի անհեռանկար վիճակին: Չնայած այլախոհների սաստկացող հետապնդումներին, Ռուսասաստանի «փակումը» դարձել է միջուկային հսկայի ներքին քննարկման հիմնական թեմա: Իսկ ո՞րն է Հայաստանի դերն ու ճակատագիրը ռուս վերլուծական դասավորությունների մեջ: Հայկական տեսական մտքի որ դրույթներ են հաստատվում եւ որոնք վիճարկվում

Եվգենի Սատանովսկի եւ Իվան Ստարոդուբցեւ  քաղաքագետները մոսկովյան ռադիոեթերում Թուրքիան բնութագրեցին իբրեւ Ռուսաստանի «գերեզմանափորի» թիվ “1” թեկնածուի, չմոռանալով հիշատակել չինացիներին ու ճապոնացիներին, նաեւ ուկրաինացիներին ու ֆիններին: Հայերը ցանկում չէին, պետք է ենթադրել, քաղաքական նկատառումներով: Մինչդեռ Ռուսաստանի քաղաքական մահվան ամենագործուն բանալին հայերի ձեռքին է (Կուրղինյան): Հենց այդ հանգամանքով է բացատրվում հետխորհրդային աշխարհակարգի փլուզման վերջին փուլում տեղի ունեցող կատաղի հարձակումը Հայաստանի վրա հյուսիսից:

Ինչու՞ է կարեւոր ռուսական տեսակետը: Նախ ընդունենք, որ հայ կուսակցական կյանքը ռուսական քաղաքական անցուդարձի ածանցյալն է: Սովորական լեզվով ասած, ռուսահայերը միշտ փորձել են եւ հիմա էլ փորձում են գործել, կռահելով ռուս գաղութատիրոջ մտքի ուղղությունը: Այս վարքագծի արտահայտությունն է, մասնավորապես, «նախագահական» ընտրական եռյակ կազմելու Լեւոն Տեր-Պետրոսյանի զավեշտ-կոչը:

Ի՞նչն է «ածանցում» հայկական միտքը: Ռուսական քաղաքական անցուդարձը արտահայտվում է «երեկ Պուտին, այսօր Պուտին, վաղը Պուտին» Վյաչեսլավ Վոլոդինին պատկանող պարզ բանաձեւով, որը ճշգրիտ նկարագրում է այն անփոփոխ վիճակը, որին ձգտում է մոսկովյան ծերացող վերնախավը: Հետեւապես՝ հայ քաղաքական դասի արժեքը ոչ այլ ինչ է, քան կլոր զրո: Անփոփոխի ածանցյալը, մաթեմատիկական պայմանականությամբ, այլ բան լինել չի կարող:

Այդ դեպքում, թվում է, որ հայերի դերը Հայաստանում, սա վրիպակ չէ, քննարկելն անիմաստ զբաղմունք է, սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է: Իրական քաղաքական կյանքը թե միջազգային, թե ներքին ասպարազում ենթակա է կարճատեւ, կտրուկ ու անսպասելի խոտորումների, որոնք ազգերին հնարավորություն են տալիս բարելավել իրենց դիրքը, կամ, ընդհակառակը՝ աղետալի հարվածների ենթարկում:

Խոտորման դեպքերում, ստրատեգիայի նույնիսկ սաղմը հնարավոր է դարձնում լուրջ, հաճախ ճակատագրական նվաճման հասնել: Հայտնի են Հայաստանի եւ Իսրայելի տրամագծորեն տարբեր դասական օրինակները՝ 1918-ին եւ 1948-ին: Առաջինը երկրորդի համեմատությամբ հսկայական «ֆոռա», այսինքն տարածքային, մարդկային, ինչպես նաեւ պետական շինարարության փառահեղ փորձի առավելություն ուներ, իսկ դրական արդյունք արձանագրեց երկրորդը: Պատճառը անկախ պետականության ռազմավարության բացակայությունն էր այդ պահին հայերի մոտ:

100 տարի անց, հայկական իրողությունը խորը արմատավորված եւ ողբերգական պաթոլոգիա է, եւ այն քննարկելը առանց երեւույթները իրենց ճշգրիտ, հաճախ կոպիտ, տհաճ, անբարեհունչ անուններով կոչելու՝ հնարավոր չէ: Եթե ընթերցողը չի խորշում ախտորոշման հետ առերեսվելուց, ապա վերլուծությունը կարելի է շարունակել: Առանց ցավը իմանալու դարման ճարելը, հիրավի, առաջին պարբերության մեջ հիշատակած հայտնի գործողությանն է համարժեք:

Հնարավո՞ր է արդյոք դուրս գալ քաղաքական ածանցյալի մահաբեր վիճակից՝ դադարել ռուս «տիրոջ» մտադրությունների վերծանումից, կամ ընդհակառակը, դրանց կույր անտեսումից: Անշուշտ հնարավոր է: Վիճակը արմատապես փոխելու հնարավորությունները տակավին կան, նշանակում է՝ կլինեն նաեւ մարդիկ: Ոչ անցյալները, ոչ էլ ներկաները դրանցից չեն:

Ըստ Սերգեյ Կուրղինյանի, Հայաստանի ճակատագիրը երկընտրանքի է հանգում: Եթե Ռուսաստանը, նրա արտահայտությամբ «պառկում» է Թուրքիայի տակ, ապա սպառնալիք-Հայաստանը վերանում է ռուս-թուրքական համատեղ հարվածների ներքո: Իսկ եթե Ռուսաստանը մարտնչում է թուրքերի հետ իր ինքնությունը պահպանելու համար, բուֆեր-Հայաստանը ոչնչանում է միջուկային բոցերում: Երկրորդը, ըստ ռուս տեսաբանի, նախընտրելի է եւ հանձնարարելի:

Մեր խոսքը Լավրովյան ծրագրով նախանշված ճակատագրից խուսափելու ուղիների մասին է: Այլ կերպ ասած՝ իրական, այլ ոչ ածանցյալ ռազմավարություն որդեգրելու մասին:

Աղբյուր