Եկել է Հայաստանի հերթը․ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել

Եվրոպայի Հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը ցավում նշում է, որ հիմա Ֆրանսիայում հայամետ մթնոլորտ է ձեւավորվել, իսկ Հայաստանի իշխանությունը քայլեր չի ձեռնարկում, որ օգտվի հնարավորությունից։ Չոբոյանը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտագործել Ֆրանսիայի հետ կապերը, որ հաջողությունների հասնի Եվրամիության հետ համագործակցությունից եւ ոչ թե լումաներ ստանա, այլ ամբողջ ոլորտներ զարգացնի։ Օրինակ, Չոբոյանն ասում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան կարող էին համագործակցել տիեզերական ոլորտում։

Վերջերս Ֆրանսիան Բաքվին արբանյակ է վաճառել, եւ դա մեծ կշտամբանք է առաջացրել Ֆրանսիայի խորհրդարանի հայամետ բանաձեւերի եւ ապրիլի 24-ին բարձրաստիճան պատվիրակությունների Երեւան այցի ֆոնին։ Հայաստանին բառեր, իսկ Ադրբեջանին արբանյակներ, Ֆրանսիային կշտամբելու առիթը բաց չթողեցին «Պուտինի վկաները»։

Նույն պատմությունն ԱՄՆ-ի դեպքում է տեղի ունեցել։ Երբ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն մի քանի օր սպասեց՝ հավանաբար հուսալով Հայաստանի քայլերին, իսկ հետո պետքարտուղար Բլինքենը հաստատեց, որ շրջանցելով 907-րդ ուղղումը, Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերվելու։

Երբ Հայաստանը հայտարարեց, որ իր անվտանգությունը կառուցվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի եւ համատեղ ՀՕՊ-ի հիման վրա, Ֆրանսիան արբանյակներ վաճառեց Բաքվին, ԱՄՆ-ն շրջանցեց 907-րդ ուղղումը եւ ռազմական օգնություն հատկացրեց Բաքվին, իսկ Շուշիում ապամոնտաժվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։

Ռուսական Հայաստանը գործընկեր եւ միջազգային քաղաքականության սուբյեկտ չէ։ Դա զգացնել է տալու առաջիկա ռազմա-քաղաքական զարգացումներում։

Հիլդա Չոբոյանը կարծում է, որ Հայաստանը դեռ շանս ունի։ ԱՄՆ-ում նույնպես մտածում են, որ Ջո Բայդենի ճանաչումը Հայաստանի համար մեծ հնարավորություններ է բացում։ Գործող խորհրդարանը հավանաբար մեկ շաբաթից կարձակվի։ Այն այլեւս կորցնելու բան չունի՝ պատգամավորնեը կարող են իրենց վրայից մաքրել խայտառակության կնիքը եւ փոխել Հայաստանի տեղը համաշխարհային քաղաքականությունում։ Աշխարհը պատրաստ է դրան։

Աղբյուր