«Լիքը դիակներ, ցելաֆանը բացում եմ՝ ախպերս ա»․ եղբոր զոհվելուց հետո Հասմիկն ասում է՝ մոր մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել

MediaLab.am-ը գրում է.

Պողոսյանների ընտանիքում պատերազմը կրկին ողբերգություն է բերել։

90-ական թվականներին՝ պատերազմի ժամանակ, զոհվել է 65-ամյա Ալվարդ Պողոսյանի ամուսինը, վերջին պատերազմի ժամանակ՝ որդին՝ 25-ամյա Հրաչյա Պողոսյանը։

Հրաչյայի զոհվելուց հետո Ալվարդ Պողոսյանն ու դուստրը՝ 34-ամյա Հասմիկ Պողոսյանը, կորցել են կյանքի իմաստը, չեն կարողանում ցավն ու կսկիծը հաղթահարել, Ալվարդի մոտ ի հայտ են եկել նաև հոգեկան առողջության խնդիրներ։

Հրաչյա Պողոսյանը զոհվել է Ջաբրայիլում, քույրը վերջին անգամ եղբոր հետ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, քրոջ սիրտն այդ օրը վկայել է, որ նրա ձայնն այլևս չի լսելու:

«Զանգեց, ասեց՝ լավ ենք, արդեն Ջաբրայիլի պոստեր են մեզ տանում… Ու ես զգում եմ, որ դա իր հետ վերջին խոսելս էր, որ էլ ձայնը չեմ լսելու։ Հոկտեմբերի 14-ին գիշերը չքնեցի, սիրտս շուտ-շուտ կանգնում էր, շատ վատ էի զգում։ Առավոտ շուտ ես զանգեցի, իրա հրամանատարի համարը վերցրեցի, զանգեցի տղաներին: Ասում են՝ Հասմի՛կ, մսաղաց ա, սաղ աղում են, մենք փախանք, գալիս ենք, Հրաչին ասել ենք՝ արի, նահանջ ենք տալիս, ինքն ասել ա՝ ես չեմ գալիս, ես դավաճան չեմ, չեք ուզում՝ մի՛ կռվեք, բայց ինձ մի՛ պարտադրեք գալ… Իրանք մի 6-7 հոգով չեկան մեզ հետ։

Ֆեյսբուքով անուն, ազգանունով ման եկա, զանգեցի իրենց գնդի հրամանատարին, ասեցի՝ Պողոսյան Հրաչից ի՞նչ նորություն: Ասին՝ հավանական ա, որ ինքը երեկ իրիկունը զոհվել ա։

էդ պահը չեմ պատկերացնում՝ ինչ կատարվեց հետս. ոչ կարում եմ խոսամ, ձեռքերս դողում են, հեռախոսս գցեցի… Հետո զանգեցի, ասի՝ դուք երևի ճիշտ չեք հասկացել, ո՞նց թե զոհվել ա… Ասում ա՝ թողեք ձեր համարը, հեսա ձեզ մի ուրիշ մարդ կզանգի: Ասում ա՝ 3 րոպեից զանգելու ա, էդ 3 րոպեն ինձ համար 15 րոպե թվաց:

Ջղայնացած հետ զանգեցի, ասում եմ՝ ինձ ասում եք, բայց չեք բացատրում՝ ո՞նց ա զոհվել, ինչի՞ց եք ենթադրում, որ զոհվել ա: Ասում են՝ զինվորը իրա թղթերը բերել ա, ասել ա՝ մահացածի թղթեր ա։ Ասի՝ բա իրեն որտե՞ղ գտնեմ, ասին՝ դե, մորգերում նայեք: Հեռախոսը դրեցի, սկսեցի մորգեր գնալ»,- պատմում է քույրը։