Ինչպես է արյան խումբն ազդում մարդու կենսակերպի ու բնավորության վրա. 5 հետաքրքիր փաստ արյան խմբերի մասին

Արյան խումբն արյան էրիթրոցիտների որոշակի հատկությունների համադրություն է, որը մարդուն փոխանցվում է ծնողներից: Այն չի փոխվում մարդու կյանքի ընթացքում և շատ կարևոր նշանակություն է ունենում օրգանիզմի վրա:
Արյան խումբն առանցքային նշանակություն է ունենում ինչպես բժշկական տեսանկյունից, այնպես էլ մարդու բնավորության որոշման հարցում:

Օրինակ՝ Ճապոնիայում մարդիկ վստահ են, որ արյան խումբը որոշում է նաև մարդու բնավորությունը, ուստի եթե այլ երկրներում մարդիկ հաճախ հետաքրքրվում են կենդանակերպի նշաններով, ապա ճապոնացիները սովորաբար հարցնում են մարդու արյան խմբի մասին:

Սննդակարգն՝ ըստ արյան խմբի

Քչերը գիտեն, սակայն արյան տարբեր խմբերի համար սննդակարգը նույնպես տարբեր է, և կան սննդամթերքի տեսակներ, որոնք պետք է անպայման ներառված լինեն այս կամ այն խմբի արյուն ունեցողների սննդակարգում:

Առաջին խմբի արյուն ունեցողների սննդակարգում պետք է անպայման լինեն մսային ուտեստներ, ծովամթերք ու բանջարեղեն: Միևնույն ժամանակ պետք չէ հրաժարվել նաև կաթնամթերքից, սակայն խորհուրդ է տրվում խուսափել վերամշակում անցած սննդամթերքից:

Երկրորդ խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում սնվել բուսական սննդով, տարբեր ձկնատեսակներով,հավի մսով և կաթնամթերքով: Հարկավոր է բացառել կծու սնունդը, լոբազգիներն ու սուրճը:

Երրորդ խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից հավի միսը և փոխարինել այն կարմիր մսով: Բացի այդ, սննդակարգը հարկավոր է հարստացնել կաթնամթերքով, ձկներով, ոչխարի մսով, բանջարեղենով ու թեյով, ինչպես նաև խուսափել ալկոհոլից և կոնսերվանտներ պարունակող սննդամթերքից:

Չորրորդ խմբի արյուն ունեցողների համար ավելի հարմար են ծովամթերքն ու անյուղ միսը: Այս խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում հրաժարվել դժվարամարս ու էներգիա խլող սննդամթերքից և նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր մթերքին:

Բնավորությունն՝ ըստ արյան խմբերի

Կա տարածված կարծիք, որ արյան խումբն ազդում է նաև մարդու բնավորության վրա: Օրինակ՝ առաջին խմբի արյուն ունեցողները հոգեպես ուժեղ մարդիկ են: Նրանք շատ ուշադիր են, վճռական ու ինքնավստահ: Նրանք բնածին առաջնորդներ են և ցանկանում են, որ մարդիկ իրենց անմիջապես հասկանան ու կատարեն հրահանգները: Այս մարդիկ նպատակասլաց են և միշտ հասնում են իրենց նպատակին, սակայն նրանք դժվարությամբ են ընդունում քննադատությունը:

Երկրորդ խմբի արյուն ունեցողները շփվող են ու «բաց»: Նրանք հեշտությամբ են հարմարվում նոր իրավիճակներին և չեն վախենում փոփոխություններից: Միևնույն ժամանակ այս մարդիկ շատ խոցելի են, ուստի նրանց համար վիրավորանքը շատ ցավոտ է լինում:

Երրորդ խմբի արյուն ունեցողները լավատես ու ընկերասեր մարդիկ են: Նրանք շատ են սիրում արկածներ՝ անկախ դրանց պատճառած անհարմարություններից: Այս մարդիկ սիրում են փոփոխություններ, նրանց դուր է գալիս նոր ծանոթություններ հաստատելն ու նոր մարդկանց հետ շփվելը: Սակայն նրանք չեն սիրում ամուր կապեր և փոխարենը նախընտրում են լինել ազատ ու անկախ:

Չորրորդ խմբի արյուն ունեցողներն ազատամիտ են: Նրանք ունեն շատ մեղմ բնավորություն ու մեծ սիրտ: Նման մարդիկ միշտ պատրաստ են լսել ու օգնել: Առհասարակ չորրորդ կարգի արյուն ունեցողները հիանալի ընկերներ են լինում:

Սթրեսակայունությունն՝ ըստ արյան խմբի

Մարդիկ բոլորն էլ յուրովի են արձագանքում սթրեսային իրավիճակներին, սակայն այդ արձագանքը կարող է կախված լինել նաև արյան խմբից:

Օրինակ՝ առաջին խմբի արյուն ունեցողները շատ զգայուն են և հաճախ են զայրանում՝ չկարողանալով կառավարել հույզերը:

Երկրորդ խմբի արյուն ունեցողները շատ խոցելի են և սթրեսի դեպքում վերականգնման համար նրանց բավականին շատ ժամանակ է հարկավոր:

Երրորդ խմբի արյուն ունեցողները հանգիստ ու հավասարակշռված մարդիկ են, որոնց համբերությունը հազվադեպ է սպառվում: Սակայն նման դեպքերում նրանք չեն կարողանում կառավարել իրենց հույզերը:

Ամենասթրեսակայուն մարդիկ չորրորդ խմբի արյուն ունեցողներն են: Նրանք հեշտությամբ են հաղթահարում սթրեսը և միշտ վերահսկում են իրենց հույզերը:

Ռեզուս գործոն

Արյունը բաղկացած է բջիջներից, որոնց թաղանթի վրա կարող է լինել մի սպիտակուց՝ հակածին, որն էլ որոշում է արյան ռեզուս գործոնը: Այդ հակածինը պարունակող արյունը կոչվում է ռեզուս-դրական, իսկ դրա բացակայության դեպքում արյունը ռեզուս-բացասական է: Մոլորակի բնակչության 80%-ի մոտ այդ սպիտակուցն առկա է:

Արյան ռեզուս գործոնն իմանալը շատ կարևոր է, քանի որ այն ունի մի առանձնահատկություն. արյան փոխներարկման ժամանակ կամ հղիության դեպքում, երբ պտուղի արյան ռեզուս գործոնը չի համապատասխանում մոր արյան ռեզուս գործոնին, օրգանիզմի բջիջները կարող են հարձակվել օտար սպիտակուցների վրա:

Համատեղելիությունն՝ ըստ արյան խմբի

Արյան փոխներարկման դեպքում շատ մեծ նշանակություն ունի նաև համատեղելիությունը, քանի որ հակամարմինների ու հակածինների համադրությունը մարդկանց մոտ տարբեր է լինում:

Ռեզուս-դրական գործոնով առաջին խմբի արյունը կարելի է փոխներարկել ցանկացած խմբի արյուն ունեցողներին, եթե նրանց արյունը նույնպես ռեզուս-դրական է: Առաջին խմբի, սակայն բացասական ռեզուս գործոն ունեցող արյունը յուրակատուկ է, քանի որ համապատասխանում է բոլորին:
Առաջին խմբի արյուն ունեցող մարդու համար դրական ռեզուս գործոնի դեպքում դոնոր կարող է դառնալ առաջին խմբի արյուն ունցող ցանկացած մարդ՝ անկախ արյան ռեզուս գործոնից, մինչդեռ բացասական ռեզուս գործոնի դեպքում դոնորի արյունը նույնպես պետք է լինի ռեզուս-բացասական:

Երկրորդ խմբի ռեզուս-դրական արյունը կարելի է փոխներարկել երկրորդ և չորրորդ խմբերի ռեզուս-դրական արյուն ունեցողներին, իսկ երկրորդ խմբի ռեզուս-բացասական արյունը՝ երկրորդ ու չորրորդ խմբի արյուն ունեցողներին՝ անկախ ռեզուս գործոնից: Երկրորդ խմբի ռեզուս-դրական արյուն ունեցող մարդու համար դոնոր կարող է լինել նույն խմբի և նույն ռեզուս գործոնով արյուն ունեցող մարդը, ինչպես նաև առաջին խմբի (անկախ ռեզուս գործոնից) արյուն ունեցողը, մինչդեռ երկրորդ խմբի ռեզուս-բացասական արյան դեպքում դոնորը պետք է ունենա առաջին կամ երկրորդ խմբի արյուն՝ բացասական ռեզուս գործոնով:

Երրորդ խմբի արյուն ունեցողների դեպքում իրավիճակը նման է նախորդին (ինչպես երկրորդ խմբի արյուն ունեցողների դեպքում է):

Չորրորդ խմբի ռեզուս-դրական արյուն ունեցող դոնորի արյունը կարելի է փոխներարկել միայն նույն խմբի ու ռեզուս գործոնով արյուն ունենցող հիվանդին, մինչդեռ բացասական ռեզուս գործոնի դեպքում չորրորդ խմբի արյունը կարելի է փոխներարկել չորրորդ խմբի արյուն ունեցող ցանկացած հիվանդին՝ անկախ ռեզուս գործոնից:
Չորրորդ խմբի ռեզուս-դրական արյուն ունեցողների համար դոնոր կարող են լինել բոլոր չորս խմբերը՝ անկախ ռեզուս գործոնից, մինչդեռ չորրորդ խմբի ռեզուս-բացասական արյուն ունեցողներին համապատասխանում են բացասական ռեզուս գործոն ունեցող բոլոր խմբերը:

Աղբյուր