ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարիներ շարունակ ամերիկահայերի մղած պայքարի վերջում, կարծես թե, լույս է նշմարվում. Los Angeles Times

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարիներ շարունակ ամերիկահայերի մղած պայքարի վերջում, կարծես թե, լույս է նշմարվում, գրում է Los Angeles Times-ը՝ անդրադառնալով օրեր շարունակ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված ոճրագործությունները։

«Խոստումնալից է հնչում, բայց կհամոզվենք միայն այն ժամանակ, երբ նա արտաբերի այդ խոսքերը»,-թերթին հայտնել է ամերիկահայ Ստեֆան Պեչդիմալջին։

Թերթը գրում է, որ «դա հայերի համար շրջադարձային իրադարձություն կլինի, քանզի շատերի ինքնությունը ձուլվել է Ցեղասպանության ճանաչման համար պայքարին։ Կա թեթևության զգացողություն, բայց կա նաև սուր գիտակցում, որ դա ընդամենը մեկ քայլ է առաջ՝ դեպի ավելի մեծ ճակատամարտ»։

«Երբ նա արտաբերի այդ խոսքերը, արդյոք դա կփոխի՞ իմ կյանքը: Արդյոք իմ ցավն ինչ-որ չափով կամոքվի՞։ Չգիտեմ»,- խոստովանել է ամերիկահայ Լորի Մեսրոպյանը, որը 4 տարեկանից Լոս Անջելեսի փողոցներում մասնակցել է Ցեղասպանության ճանաչման հանրահավաքներին։

Թերթն ընդգծում է՝ արդարության համար պայքար են մղում ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև երիտասարդները․ 22-ամյա Թադե Մաթոսյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ ամեն անգամ սրտի կսկիծ է զգում՝ հիշելով, որ Արարատ լեռը՝ Հայաստանի ազգային խորհրդանիշը, գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։

«Դա ազդում է հոգեկան առողջության վրա։ Ամեն օր ես ուզում եմ ուղիներ գտնել մեր համայնքին օգնելու համար»,- հայտնել է Մաթոսյանը։

Ինչպես նշում է թերթը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները վստահ են՝ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է «վերքերի բուժման, բայց ոչ երբեք սպիացման սկիզբը լինել»։

Աղբյուր