«Երեխայի խնամքն աշխարհի ամենադժվար գործերից մեկն է»․ Արման Նշանյանի 1-ամյա դստեր առաջին լուսանկարները, այս տարիքից նրան մանկապարտեզ ուղարկելու որոշումն ու երկրորդ երեխա ունենալու ցանկությունը

Օպերային երգիչ, դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի դուստրը՝ Շաքեն, արդեն 1 տարեկան է։ Երգիչը մինչև այս չի հրապարակել փոքրիկի լուսանկարները։ Արմանը դստեր առաջին լուսանկարները վստահել է Tert.am Life–ին և պատմել փոքրիկի ծննդից հետո փոխված կյանքի, կնոջ՝ Վիկայի հետ հարաբերությունների, դայակի օգնության և 1 տարեկանում երեխային մանկապարտեզ ուղարկելու որոշման մասին։

«Երեխայի ծնունդը շատ մեծ փոփոխություն է զույգի կյանքում։ Մեր ընկերներից ոչ ոք չէր խոսում այդ մասին։ Հատկապես, առաջին տարին ծանր էր մեզ համար․ երեխան գիշերները չէր քնում, ուտելիքների փոփոխություններ կային և շատ այլ հարցեր,– ասաց նա ու հավելեց, որ խնամքի մեծ մասը կնոջ ուսերին է,– Իրականում, հերոսը Վիկան է։ Ես հասկացա, որ երեխայի խնամքն աշխարհի ամենադժվար գործերից մեկն է։ Թվում է՝ տնային տնտեսուհիները մեծ բան չեն անում, տղամարդիկ են աշխատում, բայց իրականում հենց նրանք են ահռելի աշխատանք անում։ Եթե ինձ առաջարկեին երեխայի խնամքով զբաղվել, իսկ կինս միլիոն դոլար վաստակեր, կհրաժարվեի։ Իմ կարծիքով՝ դրանից ավելի դժվար գործ չկա․ երեխան 24 ժամ էներգիադ վերցնում է։ Ես չեմ հասկանում՝ ինչպես են 4-5 երեխա ունենում, ընդ որում, դա գիտակցաբար են անում»։

Չնայած դժվարություններին՝ Արմանն ու Վիկան ցանկանում են նաև երկրորդ երեխան ունենալ։ Դերասանն ասաց, որ երկրորդ համալրումը շատ չեն ուշացնի, որպեսզի երեխաները միասին մեծանան։

«Մեր կարծիքով՝ դա երեխայի համար է լավ։ Ես մենակ եմ մեծացել և չեմ ցանկանում, որ աշխարհ ևս մեկ էգոիստ մարդ ունենա։) Բացի այդ, կյանքն ինձ ցույց է տվել, որ ընկերներ ունենալը լավ է, բայց նրանք փոփոխական են, ընտանիքն է մնայուն։ Ես ուզում եմ, որպեսզի դուստրս մինչև իր ամուսնու հետ ծանոթանալը կյանքի մի ուրիշ ընկեր էլ ունենա՝ եղբայր կամ քույր։ Ուզում ենք երկրորդ համալրումը շուտ լինի, որպեսզի իրենք իրար հետ մեծանան, մենք էլ այս խնդիրների միջից շուտ դուրս գանք։) Մեզ ամեն անգամ ասում են, որ հաջորդ էտապն ավելի հեշտ է, բայց դեռ միայն խաբել են մեզ, դրա համար ուզում ենք շուտ երկրորդն էլ ունենալ, մեծանան, ամուսնացնենք, գնանք մեր կյանքն ապրենք»,– ծիծաղելով ասաց հայրիկը։

Դերասանի խոսքով՝ ցանկալի է, որ երկրորդ երեխան տղա լինի, բայց այդ հարցում միանշանակ չեն, ինչպես Աստված կկամենա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է երեխայի ծնունդն ազդել իր և Վիկայի հարաբերությունների վրա, քանի որ շատ տղամարդիկ երեխայի ծննդից հետո դժգոհում են, որ կինն իրենց շատ ժամանակ չի հատկացնում, Արմանը պատասխանեց․ «Իմ ու Վիկայի հարաբերությունները շատ ամուր են։ Դա մեզ վրա չի ազդել, բայց մենք շատ անկանխատեսելի զույգ էինք, կարող էինք որոշել ու մեկնել որևէ երկիր, հիմա մեզ նման բան թույլ տալ չենք կարող։ Նույնիսկ ԱՄՆ մեկնելն է բարդացել։ Մեր ազատությունը շատ է սահմանափակվել»։

Միաժամանակ Արմանը նշեց, որ երեխան մարդու լավագույն ստեղծագործությունն է․ «Դրանից լավ զգացմունք չկա։ Երբ խորանում ես, հասկանում ես, որ նա քո և կյանքիդ ընկերոջ իդեալական միքսն է։ Սիրո ամենաուժեղ արտահայտություններից մեկն է, որտեղ երկուսիդ մասնիկներն են՝ հուսով ենք՝ լավ մասնիկները»

Ինչ վերաբերում է փոքրիկի հետ ժամանակ անցկացնելու տարբերակներին՝ Արմանը կատակեց, որ փորձում է նրա հետ շատ չառնչվել իր հետ. «Երբ անցնում է կողքովս, հուսով եմ՝ ինձ չի նկատի։)»։

Նա նկատեց, որ դուստրը շատ է սիրում դասական երաժշտություն, միասին երաժշտություն են լսում․փոքրիկի երաժշտական դաստիարակությունը սկսել են դեռ Վիկայի հղիության շրջանից։ Չնայած «բողոքներին» Արմանն ուշադիր է երեխայի դաստիարակությանը․ «Իմ ամենամեծ վախն այն է, որպեսզի նա երես առած չմեծանա»։

Դերասանը նշեց, որ աշխույժ դստեր խնամքի հարցում իրեն և կնոջը օգնում են դայակը, իրենց մայրիկները։ «Օրվա մեծ մասը ես էլ, Վիկան էլ տանն ենք, բայց երկուսս էլ աշխատում ենք։ Երեխան մեր կողքին է, բայց զբաղված ենք լինում, դրա համար նաև դայակ ունենք։ Կարծում եմ՝ ամեն գործ ունի իր մասնագետը։ Երեխա մեծացնելն էլ իր պրոֆեսիոնալ մոտեցումն ունի։ Ըստ իս՝ հնամտություն է մտածել, որ դայակը երեխային կարող է վատ բան տալ, այդ ի՞նչ մարդ պիտի լինի, ի՞նչ պիտի անի երեխային,– ասաց նա, ապա հավելեց, որ երեխան դեռ 1 տարեկան , 1 ամսական է, բայց մայիսի 1–ից նրան մանկապարտեզ են տանելու։ –Շատ լուրջ մեթոդիկայով մանկապարտեզ կա, որն ընդունում է երեխային այդ տարիքից։ Տանը երեխան ամբողջ օրն այս սենյակից այն սենյակն է գնում, փորձում է զբաղվել, դայակն է փորձում իրեն զբաղեցնել, բայց այսօրվա երեխաները շատ ավելի առաջադեմ են ծնվում, քան մենք ենք եղել։ Իրենք պատրաստ են սովորելու։ Ես կարծում եմ, որ միանշանակ պետք է այս տարիքից մանկապարտեզ ուղարկել երեխային, որպեսզի այս տարիքից սովորի՝ ինչ է կյանքը, ինչ են ընկերները»։

Աղբյուր