Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակներն են կործանարար ազդեցություն ունենում օրգանիզմի վրա

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր լավ ինքնազգացողության պահպանման համար, քանի որ հենց սննդակարգն է ապահովում անհրաժեշտ սննդարար նյութերի բավարար մակարդակի պահպանումը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել սննդակարգը՝ հարստացնելով այն մեծ քանակությամբ սննդարար նյութերով ու վիտամիններով հարուստ մթերով և բացառելով վնասակար մթերքը, սակայն մարդիկ հազվադեպ են խստորեն հետևում այս հորդորներին՝ սննդակարգում ներառելով սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն չեն նպաստում առողջության պահպանմանը, այլև էլ ավելի են վատթարացնում օրգանիզմի վիճակը։

Սննդաբան Ելենա Կալենը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են կործանարար լինել օրգանիզմի համար։ Մասնագետը հորդորում է հնարավորինս հազվադեպ օգտագործել սննդամթերքի նման տեսակները կամ առհասարակ բացառել դրանք սննդակարգից, քանի որ նման մթերքը գործարկում է օրգանիզմի վաղաժամ ծերացման գործընթացն ու նպաստում է վտանգավոր հիվանդությունների զարգացմանը։

Առաջին հերթին մասնագետը հորդորում է խուսափել կոնֆետներից ու քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ դրանց չարաշահումը բարձրացնում է ճարպակալման հավանականությունը, իսկ ավելորդ քաշն իր հերթին կարող է դառնալ սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման, ներզատական համակարգի աշխատանքի խանգարման և նյութափոխանակության վատթարացման պատճառ։ Բացի այդ, ավելորդ կալորիաների գործածությունը բացասաբար է անդրադառնում նաև մաշկի ու լյարդի վրա, ուստի նման մթերքը հարկավոր է հնարավորինս սահմանափակել։

Օրգանիզմի համար խիստ վնասակար է նաև մսամթերքի չարաշահումը, ինչը կարող է հանգեցնել փորափքանքի, որովայնում ծանրության զգացողության ու աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակման։  Բացի այդ, օրգանիզմի համար ամենավնասակար սննդամթերքի տեսակների շարքին է դասվում նաև ալկոհոլը, որի կանոնավոր գործածությունը խանգարում է արյունատար համակարգի աշխատանքը, գործարկում է օրգանիզմի վաղաժամ ծերացման գործընթացը և նպաստում է լյարդի ախտահարմանը, զարկերակային գերճնշման զարգացմանը և ենթաստամոքսային գեղձի բորբոքմանը։

Վտանգավոր կարող է լինել նաև սուրճը՝ ամենատարածված ու սիրված ըմպելիքներից մեկը, որը կարող է դառնալ դողի, սրտի զարկերի արագացման ու զարկերակային ճնշման բարձրացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս չչարաշահել այս ըմպելիքն ու չգերազանցել օրական չորս բաժակը։

Աղբյուր