Առողջական ինչ լուրջ խնդիրներով կարող են պայմանավորված լինել կապտուկները

Հեմատոմաները (կապտուկ) բոլորին ծանոթ խնդիր են, որոնք սովորաբար չեն համարվում կյանքի համար վտանգավոր խանգարում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում դրանք կարող են հուշել լուրջ վտանգի մասին, որից խուսափելու համար հարկավոր է ժամանակին դիմել բժշկին։

Մաշկաբան Յան Հանդգեբուրտի խոսքով՝ երբեմն կապտուկների ակայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Օրինակ՝ սաստիկ ցավով կամ այտուցով ուղեկցվող հեմատոման կարող է պայմանավորված լինել կոտրվածքով, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Բացի այդ, հեմատոմաները կարող են հուշել նաև արյան մակարդելիության խանգարման մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել, եթե դրանք նորմայից հաճախ են ի հայտ գալիս։ Եթե մաշկին հեմատոմաներ են նկատվում անգամ վնասվածքների բացակայության դեպքում, ապա հարկավոր է արյան հետազոտություն անցնել՝ արյան ջրիկացումը կամ մակարդելիության խանգարումը հերքելու կամ հաստատելու համար։ Նման դեպքերում անգամ չնչին վերքերը կարող են շատ երկար արյունահոսել ու դառնալ լուրջ խնդիրների պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել նման խնդիրը ժամանակին նկատելու համար։

Ինչպես շեշտում է բժիշկը, արյան մակարդելիության խանգարումը կարող է ժառանգական բնույթ կրել, ուստի այն կարելի է ախտորոշել դեռ մանուկ հասանում։ Բացի այդ, նման խնդրի պատճառ կարող են դառնալ նաև որոշակի դեղամիջոցները, ինչը կհանգեցնի նաև թրոմբոցիտների պակասի։

Վերոնշյալ խանգարումներից բացի հաճախակի կապտուկների առաջացումը կարող է պայմանավորված լինել նաև լեյկոզով։ Եթե կապտուկներն ի հայտ են գալիս անսպասելի և բավական հաճախ, ապա հարկավոր է անպայման արյան հետազոտություն անցնել՝ դրանց պատճառը պարզելու և լեյկոզի հավանականությունը հաստատելու կամ հերքելու համար։

Ինչպես նշել է մասնագետը, արյան մակարդելիության խանգարման դեպքում առավել վտանգավոր են խորանիստ կապտուկներն ու ոսկորներին մոտ գտնվող կապտուկները։ Նման դեպքերում երբեմն վիրահատական միջամտության կարիք է լինում թրոմբը հեռացնելու համար, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Այնուամենայնիվ մասնագետը նաև շեշտում է, որ կապտուկը չպետք է դառնա խուճապի պատճառ, քանի որ մասնագետների գնահատականներով 1000 դեպքից միայն մեկն է կապված լինում արյան մակարդելիության ժառանգական խանգարումների հետ։

Աղբյուր