«Կարողացել էի կնոջիցս գաղտնի պահել «իմ 10 կանանց»․ Աղաս Մանուկյանի սթենդափի պրեմիերան ու հայտնի հյուրերը

«Աղասի 10 կանայք»․ դերասան Աղաս Մանուկյանը երեկ առաջին անգամ ներկայացրեց ինտրիգային այս վերնագրով սթենդափը, կինը՝ Տաթևն էլ հանդիսատեսի շարքերում նստած առաջին անգամ իմացավ, թե ովքեր են իր ամուսնու «10 կանայք»։

Tert.am Life–ը ներկա է եղել սթենդափի պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։

Թե ովքեր են իր «10 կանայք», Աղասը չի ցանկանում բացահայտել մինչ ներկայացումը դիտելը։ Թերևս միայն նշենք, որ, ինչպես պարզվեց ներկայացման ժամանակ, մեկուկեսն իր զոքանչն է:)

«Չեմ ուզում բացահայտել՝ ովքեր են իմ 10 կանայք, միայն նշեմ, որ նրանք այն կանայք են, որոնք իմ կյանքի վրա մեծ ազդեցություն են ունեցել»,– ասաց նա։

Դերասանի սթենդափը պետք է լիներ դեռևս նախորդ տարվա ապրիլի 1-ին, սակայն հետաձգվեց մոտ 1 տարի։ Աղասը վստահեցնում է՝ 1 տարի կարողացել է կնոջից գաղտնի պահել «իր 10 կանանց»։

«Ճիշտն ասած, սթենդափի վերնագիրը հրապարակելուց հետո կինս առաջինն էր, որ զանգեց ինձ ու ասաց՝ հը՞ն, ասացի՝ դե հիմա  էդ ա, կգաս , կիմանաս։),– պատմեց նա, ապա հավելեց,– գիտեք աղջիկներին, այս 1 տարվա ընթացքում անընդհատ տարբեր ձևերով, հարցերով փորձում էր իմանալ, բայց համառորեն չէի ասում։ Սցենարիստների հետ էլ պայմանավորվել էի այդ ինֆորմացիան խիստ գաղտնի պահել»։

Դերասանը հույս հայտնեց, որ հանդիսատեսին դուր կգա իր սթենդափով։ Ավելի քան մեկ ժամ, նա խոսում է իր լսարանի հետ առանց երաժշտական ընդմիջման, ասում է՝ հույսը լավ սցենարն է․ «Ինձ հետ 6-7 հոգանոց սցենարական թիմ է աշխատել, քանի որ այս ձևաչափը հնարավոր չէ միայնակ գրել։ Պինդ սցենար ունենք։ Մտավախություն, իհարկե ունեմ, սակայն КВН–ի փորձը հույս է տալիս, որ կկարողանամ պահել: Մարտի 9-ի տոմսերն արագ սպառվեցին, մարտի 20–ին էլ ներկայացում դրեցինք»:

Դերասանի նախորդ սթենդափը եղել է 2 տարի առաջ, սակայն «Ա, ընչի համար» ներկայացումն իր մեջ ներառում էր լսարանին արդեն հայտնի հումորներ, այս պարագայում սցենարը նոր է․ «Միայն մեկ նախադասություն կա, որը լսարանին հայտնի է, երբ հարցնում եմ՝ «Ձեր մանկությունը լա՞վ ա անցել, իսկ իմը լավ ա, որ անցել ա», մնացած ամեն բան նոր գրված սցենար է»։

Աղբյուր