Գիտնականները կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ են առաջարկել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն առաջարկել են կորոնավիրուսների դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց։ Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բժշկական նպատակներով կիրառվող ուլտրաձայնը կարող է հանգեցնել կորոնավիրուսի «փշերի» ու արտաքին թաղանթի կոլապսի՝ այդ կերպ ոչնչացնելով վիրուսը։ Սա նշանակում է, որ ուլտրաձայնը կարող է արդյունավետ միջոց դառնալ ախտածին այս տարրի դեմ պայքարում։

Վիրուսի կառուցվածքն արդեն հայտնի է գիտնականներին․ այն ունի «փշեր», որոնք էլ թագ են հիշեցնում։ Այս փշերը կպչում են առողջ բջիջներին, ինչի շնորհիվ էլ վիրուսի ՌՆԹ-ն հայտնվում է բջջի մեջ։ Այս վիրուսի կազմությունն ու առողջ բջիջների ախտահարման գործընթացը գիտությանը հայտնի էին, սակայն դրանց ֆիզիկական ամբողջականության մասին մասնագետներն առ այսօր քիչ բան գիտեին։

Այժմ ամերիկացի գիտնականներն առաջարկում են կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառել ուլտրաձայն, այն էլ նույն հաճախականությամբ, որը կիրառվում է բուժհաստատություններում ուլտրաձայնային հետազոտության ընթացքում։ Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս հետևել վիրուսների մեխանիկական ռեակցիային 25-ից 100 մեգահերց ինտենսիվությամբ ուլտրաձայնային ալիքների դիապազոնում տեղի ունեցող թրթիռներին: Արդյունքում պարզվել է, որ ուլտրաձայնի ազդեցության տակ վիրուսի թաղանթ ու «փշերը» քայքայվում են ու ոչնչանում, ինչի համար պահանջվում է ընդամենը մեկ միլիվայրկյան։

Առայժմ այս հետազոտության արդյունքները սկզբնական են, քանի որ հիմնված են միայն վիրուսի ֆիզիկական հատկությունների մասին սակավաթիվ տվյալների վրա, սակայն գիտնականները պնդում են, որ ստացված տեղեկությունը կարող է դառնալ առաջին ապացույցն այն բանի, որ կորոնավիրուսները կարելի է բուժել ուլտրաձայնի միջոցով։ Կորոնավիրուսի այս տեսակների շարքին է դասվում նաև COVID-19-ը, որի համավարակն ամբողջ աշխարհում դեռ շարունակվում է։

Աղբյուր