Շենքերի վաճառքն այս գաղափարի արժեք չունեցող մասն է. ԿԳՄՍ նախարարը՝ ակադեմիական քաղաքի մասին (տեսանյութ)

Ակադեմիական քաղաքի մասին դեռ ընթանում են քննարկումներ, բայց հստակ որոշումներ դեռևս չկան, երբ լինեն, բոլորը կտեղեկանան, քանի որ ոչ մի հարց վարագույրի ետևում չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու և դրա շրջանակում Երևանի բուհերի վաճառքի հարցին:

«ԵՊՀ-ի շենքը մնալու է իր տեղում, և ես ասուլիսի ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ դեմ եմ, որ ԵՊՀ-ի շենքի կարգավիճակը փոխվի: Ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը, կա քաղաքական կամք, իսկ դետալներ կամ մեկնաբանություններ չկան, հենց լինեն, լրագրողներն անմիջապես կիմանան: Շենքերի վաճառքը այս գաղափարի արժեք չունեցող մասն է:»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև անդրադարձ կատարեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծին նշելով՝ այժմ գտնվում է նախագահի մոտ:

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կունենա իրավական ճակատագիր, և մենք կանխագուշակումներով չենք զբաղվում, իրավական ճանապարհ ասելով նկատի ունենք օրենքը, այս պահին նախագիծը գտնվում է նախագահի աշխատակազմում սպասենք ու տեսնենք՝ ինչ է լինում: Նման հետաքրքրություն և քննարկումներ ոչ մի օրենքի նախագծի շուրջ չեն եղել»,- նշեց նա:

Դումանյանը նաև չցանկացավ մեկնաբանել այսօրվա հոտնկայս ծափահարությունները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո: «Իհարկե, ես նույնպես ոտքի կանգնեցի և ծափահարեցի, բայց ես չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ քննարկում ծավալել լրագրողների հետ, դա եղել է իմ անձնական որոշումը և ես չեմ պատրաստվում որևէ մեկին հաշվետվություն տալ»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Աղբյուր