«Մելինեն նախապես էր ընտրել նվերը»․ Գոհար Հարությունյանը՝ ավագ դստեր 13-ամյակի, նվերի ընտրության և 5 երեխայի խնամքի մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի ավագ դուստրը՝ Մելինեն, երեկ դարձել է 13 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը պատմել է, թե ինչպես են կազմակերպել օրը, ինչ են նվիրել դստերը:

Գոհարը պատմեց, որ երեկ մեծ խնջույք չեն կազմակերպել: «Օրը նշեցինք ընտանիքի անդամներով ռեստորաններից մեկում: Ճիշտ է, երեկ Մելինեն մեծ խնջույք չունեցավ, բայց շատ ուրախ էր, որովհետև դպրոցում բոլորը շնորհավորել էին իրեն:

Մելինեն շատ զուսպ երեխա է, թե՛ ուրախ, թե՛ տխուր զգացմունքները կարող է ցույց չտալ, պահանջկոտ չէ,- ասաց մայրիկն ու հավելեց, որ դուստրը նախապես ստացել է իր նվերը,– Kindle էր ցանկացել, որովհետև գրքեր կարդալ շատ է սիրում»։

Գոհարի խոսքով՝ գրքեր կարդալիս Մելինեի համար առաջանային ու ամենահեշտ լեզուն հայերենն է: «Երկրորդ հարմար լեզուն անգլերենն է, չգիտեմ ինչու, ռուսերենով կարդալ չի սիրում: Քանի որ այս տարի երեխաները տեղափոխվել են ֆրանսիական դպրոց, Մելինեն սկսել է նաև ֆրանսերեն գրքեր կարդալ: Հուզիչ պատմություններ, ֆիլմեր շատ է սիրում: Սմարթֆոններից կախվածություն մանկուց չի ունեցել: Մյուս երեխաներս կարող են ժամերով կլանված մուլտֆիլմ դիտել, բայց Մելինեն երբևէ հեռախոսով, հեռուստացույցով երկար չի զբաղվել: Հեռախոսն օգտագործում է երգելու համար, կիթառ է նվագում, երեխաների հետ ժամանակ է անցկացնում, մեծերի հետ սիրում է զրուցել, որովհետև հասուն է: Նաև լողի, ֆիթնեսի է հաճախում: Փորձում ենք պահել ժամանակի բալանսը դասերի և ժամանցի միջև»,- պատմեց Գոհարը:

13-ամյա Մելինեն Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է: «Արդեն երկրորդ տարին է՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է մտապահում իր ու Մայքլ Ջեքսոնի հանդիպման մասին:

Նույնիսկ երեկ, երբ ռեստորանից տուն էինք գնում, խնդրեց Ջեքսոնի երգերից մեկը միացնել: Հետաքրքիր է, որ ինքնուրույն  է գտել երգերը, սկսել լսել, շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: Երբևէ չէի մտածի, որ Մելինեն նման երգեր կլսի»,- ասաց Գոհարը:

Նա նկատեց, որ երկու դուստրերի՝ Մելինեի և Բիայնայի միջև տարիքային տարբերությունը մեկ տարի է, բայց նրանք շատ տարբեր են, ընդհանուր որևէ բան չունեն: «Առհասարակ երեխաները տարբեր են լինում, նույնիսկ երկվորյակների դեպքում է այդպես: Մելինեն շատ պարտաճանաչ է, Բիայնան հանգիստ, արտիստիկ, ժամին չի հետևում, ավելի ազատ է ապրում:

Մելինեն Բիայնային «մամայություն» է անում, ուղղություն ցույց տալիս: Բիայնան դեմ չէ, այդպես ավելի հեշտ է ապրում, թեթև է, իսկ Մելինեն տան մեծն է, ավելի նպատակասլաց ու աշխատասեր է: Անգամ, եթե մեծը չլիներ, այդպիսին կլիներ, որովհետև միշտ հասուն է եղել:

Մելինեի մանկությունը նմանեցնում եմ հարազատ քույրիկիս մանկությանը, իսկ իմ մանկությանն ավելի շատ Բիայնային է նման, թեև ես շատ պարտաճանաչ եմ եղել»,- պատմեց նա:

Գոհարը նաև շեշտեց, որ աղջիկները տարիքային այնպիսի փուլում են, որ երկուսն էլ խորհրդի կարիք ունեն, նրանց հետ շատ է զրուցում:

«Աղջիկներս հաճախ ասում են՝ կարծես իրենց հոգեբանը լինեմ: Զգում եմ, որ նրանք կայացման փուլում են, լուսանկարվելիս, երբեմն, ասում են՝ տգեղ են, արտաքինի հետ կապված հոգեբանական խնդիրներ ունեն:

Այդ մասին խոսել պետք է, բայց չափավոր, որպեսզի նրանց ինքնավստահությունը մեծամտություն չդառնա, պետք է պահել այդ բալանսը,- ասաց նա և հավելեց, որ, երբեմն, 5 երեխան էլ հարցեր են տալիս ու սպասում պատասխանների,- Երեկոյան ժամերը սահմանափակ են, բարդ է հասցնել, բոլորին ճիշտ խորհուրդներ տալ, դա ինձնից մեծ ջանքեր է պահանջում:

Հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս եմ հասցնում 5 երեխաների հետ, ասում եմ՝ ոչ միշտ եմ հասցնում, նաև թերանում եմ: Մելինեն և Բիայնան հիմա բավականին ինքնուրույն են, կարող են ճաշել, հետո հավաքել սեղանը, ափսեները լվանալ: Թեև շատ եմ ուզում իրենց ծառայել, բայց, երբեմն, չեմ հասցնում»:

Աղբյուր