Միանգամից 6 մրցանակ. «Արտավազդ 2020/2021»-ում առաջատարը փոփոխված կազմով Համազգային թատրոնն էր․ Նարինե Գրիգորյանը՝ հաջողության մասին

Օրերս կայացած «Արտավազդ 2020/2021» մրցանակաբաշխության ժամանակ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը միանգամից 6 մրցանակ ստացավ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն այդ օրն ամենաշատը բեմ բարձրացավ: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթող ճանաչվեցին նրա երկու ներկայացումները՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը»: «Լավագույն դերասան» դարձավ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ Սաքոյի դերի համար, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց թատրոնի դերասանուհիներից Տաթև Ղազարյան՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի կերպարի համար: Լավագույն պիես անվանակարգում հաղթեց Սառա Նալբանդյանի  «Հաղթանակի գենեզիս»-ը:

Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ այդքան մրցանակի չէր սպասում: «Երբ տեսա բեմը, այս տարվա մրցանակաբաշխության շքեղությունը, մեջս կարծես վախի, անհանգստության զգացումներ առաջացան, հետո մրցանակ հանձնեցի ու վախս մի փոքր հաղթահարվեց,- ասաց նա և հավելեց, որ չէր ցանկանում որպես բեմադրիչ մրցանակ առանձին ստանալ, ուզում էր ներկայացումը մրցանակ ստանար։ — Տեքստ, ամեն դեպքում, պատրաստել էի։ Երբ նոմինացված ես լինում, որևէ տեքստ պատրաստում ես։ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում ստացա մրցանակը, ասացի նախապատրաստածս տեքստը, հետո հայտարարեցին, որ ներկայացումը ևս մրցանակ ունի, անակնկալի եկա: Վաղուց այդպես չէի հուզվել, հուզմունքից բերանս դժվարությամբ էր բացվում: Շնորհակալ եմ թատերական աշխարհի բոլոր կոլեգաներիս, նրանք միշտ մեր կողքին են եղել, երանի այդ միասնականությունը օրինակ դառնա բոլոր բնագավառների համար»:

Նարինեն նկատեց, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ մրցանակները ստացել են տարբեր ներկայացումների համար, երջանիկ է, որ նոր ստեղծված բոլոր ներկայացումներն էլ գնահատվեցին:

«Նախկինում թատրոնն այսքան մրցանակ միանգամից չէր ստացել: Թատրոնում եղած փոփոխություններից հետո իմ ուսերին մեծ պատասխանատվություն դրվեց, ինքս էլ չգիտեի պատրա՞ստ եմ, թե՞ ոչ: Ես միայն գիտեի, որ շատ եմ սիրում թատրոնն ու մեր դերասաններին և պետք է վերցնեմ այդ պատասխանատվությունը: Մենք անընդհատ աշխատում էինք, բայց ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ ինչ-որ լավ բան ստեղծելու համար: Կարողացանք ամուր ոտքերի վրա կանգնել ու ապացուցել՝ արժանի ենք: Շնորհակալ եմ մեր դերասանական խմբին՝ նվիրումով աշխատելու համար, միայն այդպես էր հնարավոր հաջողության հասնել»,- ասաց նա՝ անդրադառնալով թատրոնի անձնակազմի գործադուլի արդյունքում եղած փոփոխությունների, որից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարական տվեց, դերասան Արման Նավասարդյանը նշանակվեց թատրոնի տնօրեն, իսկ Նարինե Գրիգորյանը դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Նարինեից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերություններ ունի թատրոնի դերասանների հետ. «Մենք միմյանց հանդեպ վստահություն, հավատ ու սեր ունենք: Դերասանները նախապես գիտեին, որ ընկերական մոտեցում է լինելու, ղեկավար խաղալու խնդիր չունեմ: Հարաբերությունները նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ավելի ստեղծագործական է դարձել: Ընկերական մթնոլորտն արդյունավետությանը չի խանգարում»:

Աղբյուր