Ռուսաստանն ու Թուրքիան միացան

Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները մեր երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով։ Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում է Անադոլուն։ «Մենք թույլ չենք տա, որ մեր պետությունը, չբոլորած 100 տարին, արժանանա նույն բախտին» , ասել է Էրդողանը։

100 տարի առաջ, 1919-1923 թթ. Ռուսաստանն ու Թուրքիան լուծեցին Արեւմտյան Հայաստանի խնդիրը, կիսեցին Արեւելյան Հայաստանը, ոչնչացնելով Հայաստանի անկախ պետությունը եւ դրա ռուսական մասում ստեղծելով սոցիալիստական Հայաստան կոչվող ռեզերվացիան:

Հայկական անկախ պետականությունը, այն էլ Սեւրի, Վիլսոնյան սահմաններով, Թուրքիան եւ Ռուսաստանը համարում էին սպառնալիք, հայատյացությունը եւ հայերի հանդեպ բարդույթները հայկական ծնունդ եւ հայերի հաշվին ստեղծված այդ երկրներում խորը քաղաքական ու ընդհուպ քաղաքակրթական հիմքեր ու պատճառներ ունի:

100 տարի առաջ Ռուսաստանն իր ոճրագործությունը Հայաստանի հանդեպ բացատրում էր ինտերնացիոնալով (հայերը հանուն ինտերնացիոնալի զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց տարածքները, գրում էր Պրավդա թերթը), ներկայում՝ ռուս-թուրքական էթնո-քաղաքական ընդհանրություններով (մենք արդեն Թուրքիայի հետ ենք, Մենք Թուրքիայի հետ գործում ենք հավասար կիսելու սկզբունքով, Ռուսաստանում ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ՝ Թուրանն ո՞ւմ դեմ է ուղղված, Ռուսաստանն արդեն Թուրանի տակ է եւ այլն): Անտանտի դաշնակից Հայաստան, Նիկոլի արեւմտամետ կառավարություն, Ռուսաստանը չլինի՝ Թուրքիան է լինելու եւ նման այլ «հիմնավորումներն» արդեն ներհայկական «բանավեճի» համար են նետված՝ Հայաստանը բուն խնդրից շեղելու նպատակով:

Ռուս-թուրքական 2020 թ. աշնանային ագրեսիան Հայաստանի դեմ ուղղված է նույն խնդրին՝ Հայաստանի անկախ պետականության ոչնչացմանը: Հայաստանի արցախյան մասի օկուպացիան, համատեղ մոնիտորինգային կենտրոնները, Հայաստանի տարածքով «կոմունիկացիոն-անվտանգային» միջանցքների ծրագրերը դրա արտահայտությունն են: Ռուսաստանի ռազմական ու այլ ներկայությունը ռուս-թուրքական ծրագրերի կատարման երաշխիքն է: Հարավային Կովկասից Ռուսաստանի անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը ռուսների ու թուրքերի մոտ արթնացնում է Սեւրի սարսափները: Սարսափը ծնում է ատելություն՝ դրանից բխող հետեւանքներով: Դա պետք է նախեւառաջ գիտակցեն Հայաստանի ներքին քաղաքական դերակատարները:

Ռուսաստանին ու Թուրքիային Հայաստանի հարցում միավորում է գոյության խնդիրը: