Եվս մեկ հակահայ պայմանագրի 100-ամյակն է լրանում՝ ֆրանս-թուրքական

Երեկ տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Մակրոնի և Էրդողանի տեսակոնֆերանսը: «Որպես ՆԱՏՕ-ում երկու հզոր դաշնակիցներ, մենք կարող ենք զգալի ներդրում ունենալ անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում, Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում», ասել է Էրդողանը։

Մակրոնի հետ զրույցից հետո Էրդողանը հիշեցրել է, որ կողմերը այս տարի կնշեն Անկարայի պայմանագրի հարյուրամյակը։ Այդ պայմանագրով դադարեցվել էր թուրք-ֆրանսիական վերջին պատերազմը։ Ըստ Էրդողանի, մինչ օրս Անկարայի և Փարիզի հարաբերությունների հիմքում դրված է այդ փաստաթուղթը, և կողմերը դեռ ունեն «համագործակցության լուրջ ներուժ»։

Անկարայի պայմանագիրը կնքվել էր 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև։ Ըստ այդ  պայմանագրի որոշվել է նոր սահման Թուրքիայի և Սիրիայի միջև։ Անկարայի պայմանագրով Ֆրանսիան Թուրքիային է զիջել հսկայական տարածքներ։ Այդ պայմանագիրը փոխել է 1920 թվականին Սևրի պայմանագրով հաստատված  թուրք-սիրիական սահմանները ի շահ Թուրքիայի, զիջելով նրան հայկական տարածքներ։ Ադանան, Օսմանիեն, Մարաշը, Այնթապը, Քիլիսը, Ուրֆան, Մարդինը, Նուսայբինը և Ջիզրեն հանձնվել են Թուրքիային։ Իսկ 1938-ին Ֆրանսիան Թուրքիային զիջեց հայաբնակ Աղեքսանդրեկի սանջակը: Ֆրանսիայի ոչ միանշանակ պահվածքը 1915-1923-ին քննարկման խնդիր է ընդհանրապես:

Այդ հարցերի շուրջ Մակրոնի ներկայիս դիրքորոշումը դեռ պարզ չէ։ Պնդե՞լ է արդյոք Մակրոնը, որ Անկարայի և մյուս պայմանագրերը, ըստ որոնց որոշվել են Թուրքիայի ներկայիս սահմանները, կորցնում են իրենց ուժը։ Ինչպե՞ս կվարվի Ֆրանսիան այս անգամ։

Լրանում է Թուրքիայի սահմանները որոշող պայմանագրերի հարյուրամյակը։ Այդ պայմանագրերի թվում են նաև Ռուսաստանի հետ կնքած Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Ռուսաստանը Թուրքիային ու Բաքվին է նվիրել Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմը Հայաստանի սուբյեկտության չեզոքացման ու մասնատման 1921-ի շարունակությունն է:

Աղբյուր