«Առավոտն օդում դիմավորեցի». Ավետ Բարսեղյանը` իր 40-ամյակին կնոջ անակնկալի և այս տարի բանաստեղծությունների գիրք տպագրելու նպատակի մասին

Երեկվա առավոտն օդում դիմավորեցի: Կինս` Անին, ինձ օդապարիկով թռիչք նվիրեց: Նախկինում էլի էի թռչել, առաջին թռիչքս չէր: Աղջիկս` Լուսեն, ևս շնորհավորեց ու համբուրեց ինձ:

Շատ էր ուրախացել, որովհետև տորթ կար ու կարող էր դրա մոմերը փչել: Առհասարակ բոլորի ծննդյան տորթերի մոմերն է սիրում փչել: Հիմա ծննդյանս օրը կենտրոնանում եմ ոչ թե իմ, այլ Լուսեի ուրախության վրա»,-ասաց նա:

Ավետի խոսքով` մեծ խնջույքներ չի սիրում և չի կազմակերպում, քանի որ ծննդյան օրն իր համար շատ անձնական է:

«Սիրում եմ նշել ընտանիքիս անդամների հետ և, հիմնականում, օրվա ընթացքում լավ տրամադրություն եմ ունենում, որովհետև ընկերներիս, հարազատներիս կողմից շատ ջերմ շնորհավորանքներ եմ ստանում,-ասա նա և հավելեց` ինչպես շատերը, ինքը նույնպես մեծանալուց վախենում է.-Անկեղծ ասած, վախենում եմ, տհաճ բան կա դրա մեջ:

Գիտակցությամբ հաղթահարում եմ այդ վախը, որովհետև հասկանում եմ` մեծանալը բնական գործընթաց է, դրան դեմ գնալ պետք չէ: Եվ հետո, մեծանալու մեջ նաև դրական բաներ կան: Ճիշտ եմ տնօրինում ժամանակը, որ կարողանամ իրագործել նպատակներս, համենայնդեպս` փորձում եմ: Օրվա 24 ժամն ինձ հերիքում է, ժամանակի քիչ լինելուց չեմ բողքում»:

Խոսելով նախորդ և հաջորդ տասնամյակների մասին` երգահանն ընդգծեց.

«Նախորդը հետաքրքիր էր, բարդ, անկումներով ու վերելքներով լի: Յուրաքանչյուր կորուստ ձեռքբերում եմ համարում, այդ պատճառով` ձեռքբերումներս շատ են: Կցանկանամ, որ հաջորդ տասնամյակը լինի խաղաղ թե՛ ինձ, թե՛ երկրիս, թե՛ աշխարհի համար:

Ուրախ եմ, որ 39-նն ինձնից ոչինչ չխլեց, միայն տվեց: Իսկ այս տարի ինձ մաղթում եմ հավասարակշռվածություն ու որ ոչ միայն շատ երգեր, այլև` պոեզիա գրեմ,-ասաց նա և տեղեկացրեց` արդեն գրել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը.

-Պետք է ժամանակ գտնեմ ու զբաղվեմ խմբագրական աշխատանքներով: Արդեն նույնիսկ անունն եմ որոշել` «Հակառակը»:

Հուսով եմ` այս տարի կտպագրենք»: