«Առաջիկայում իջնելու են ոչ միայն բնակարանների վարձերի գները, այլև հենց բնակարանների գները». Գնահատման գործակալության տնօրեն

Առաջիկայում իջնելու են ոչ միայն բնակարանների վարձերի գները, այլև հենց բնակարանների գները: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «ԲԻԼԴ ԱՓ» գնահատման գործակալության տնօրեն Էդգար Խաչատրյանը։

«Ամեն ինչի գներն են ընկնելու` համ վարձի, համ վաճառքի: Չի կարող մնալ նույնը, քանի որ այս իրավիճակն ամբողջ աշխարհի տնտեսության վրա շատ խորը հետք է թողնելու: Էսպիսի ճգնաժամ նույնիսկ 2008-ին չեղավ: Վստահ կարող եմ ասել, որ գներն անկում կապրեն: Տների վարձերն աճեցին զբոսաշրջիկների աճի պատճառով: Մարդիկ տներ գնեցին ու սկսեցին վարձով տալ: Բայց հիմա զբոսաշրջությունն էլ է լուրջ անկում ապրելու: Մոտակա ժամանակներս էլ տուրիստների մեծ հոսք չենք էլ կարող ակնկալել, դրա համար էլ վարձերի գները կընկնեն: Բնակարանների գներն էլ կիջնեն մարդկանց գնողունակության անկման պատճառով: Մարդիկ աշխատանքներ են կորցնում, դրսից ֆինանսավորում չի լինելու: 1998-ին, 2008-ին էլ ենք ունեցել տների գների անկումը, բայց այս դեպքը ոչ մեկին նման չէ, սա ավելի վատ ու խորը հետքեր կթողնի անշարժ գույքի վրա: Անշարժ գույքի շուկան տնտեսության խոցելի ու զգայուն ճյուղերից է»,- նշեց նա:

Խաչատրյանի խոսքով արտակարգ դրության ռեժիմում այս պահին գնահատման գործակալությունները ևս չեն աշխատում և կանգնած է գնման շուկան: Ըստ նրա` դրանից կտուժեն նաև բանկերը, քանի որ բնականների գնման համար վարկեր չեն տրամադրի:

Աղբյուրը